Հայաստանն ու նրա ղեկավարությունը պատանդ են պատկերացումներում, որոնք արդիական էին 10 տարի առաջ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Երեւանում Լազարյան ակումբի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը։
«Կարծում եմ՝ դրանում մեղավոր է նաեւ ընդդիմությունը, այլապես իրավիճակը լրիվ այլ կլիներ։ Ես Սերժ Սարգսյանի ժամանակ ասել եմ, որ ինքնիշխանության բարձրացման համար անհրաժեշտ է օգտագործել ցանկացած ռեսուրս, քանի որ հանրապետությունը շատ քիչ ռեսուրսներ ունի։ Պետք էր բարձրացնել ինքնիշխանությունը, եւ դրա շանսերը կային, ինչը չարվեց։ Ինչու՞ չգտնել ինչ-որ ձեւաչափ, որն ավելի հետաքրքիր է հենց Հայաստանի համար, քան Միութենական պետությունը: Հայերը հնագույն ժողովուրդ են, նրանք կարող են համագործակցել Իրանի եւ արաբական երկրների հետ, այսինքն, որտեղ հիմնական կրոնը իսլամն է»,-հավելեց քաղաքագետը։
Նա նշեց, որ Հայաստանի համար անվտանգությունը կարեւոր է, որպեսզի հայությունը զարգանա, իսկ ռազմական լոգիստիկան այնպիսին է, որ այսօր միայն Ռուսաստանն ու Իրանը կարող են ապահովել Հայաստանի անվտանգությունը օպերատիվ ճգնաժամային իրավիճակում։
«Այո, Թուրքիայում կա ամերիկյան բազա, բայց այս կոնտինգենտը բավարար չէ։ Կարծում եմ, որ որոշակի որոշումների շրջանակներում Հայաստանը կամրապնդի անդրազգային ուժերի ներկայությունը, որոնք այսօր խաղում են Թուրքիայի Հանրապետության համար՝ ի դեմս նույն Էրդողանի, որը փորձում է նստել իրարից բաժանվող երկու աթոռների վրա։
Թուրան նախագծում հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, նա ապավինում է անդրազգային ուժերին եւ ցանկանում է իրականացնել լիակատար համընդհանուրացում, այսինքն՝ այդ ժողովուրդներն ու երկրները պետք է հրաժարվեն իրենց ինքնությունից, կդառնան թուրք։ Հաջորդ փուլում՝ ազգային պետության գաղափարին վերադառնալու փուլում, Էրդողանը նոր թափով կսկսի Թուրան ստեղծել»,-ընդգծեց Գեւորգյանը։
Այդ առումով փորձագետը լուրջ քայլ համարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը, հատկապես, որ քաղաքը գտնվում է Իրանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության Ճանապարհին։











