Այսօր մենք որոշակի հիբրիդային ճակատամարտի գագաթնակետի ականատեսն ու մասնակիցներն ենք։ Այն կարելի է անվանել ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ազգամիջյան եւ պատմական։ Այս մասին Մոսկվա-Երեւան տեսակամրջի ձեւաչափով անցկացվող «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով «Լազարեւյան ակումբի» նիստին հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։
Քաղաքագետի խոսքով՝ յուրաքանչյուրը, այսպես թե այնպես, իր ներդրումն է ունենում արդարության վերականգնման գործընթացին. «Հասկանալի է, որ Ղարաբաղը պարզապես հողակտոր չէ, որտեղ հայեր են բնակվում։ Այն հսկայական պատմական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Եվ դա ակնառու կերպով ցույց տվեց ՌԴ նախագահի երեկվա ելույթը»,-ասաց Սողոմոնյանը։
Նա նաեւ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների թեմային։ «Հայ-ռուսական հարաբերությունները չափազանց բարդ սուբստանցիա է։ Սրան գումարվում են ժամանակակից պայմանները, որոնք էլ ավելի են բարդացրել դրանք»,-նկատեց փորձագետը։
Սողոմոնյանի խոսքով՝ խոսքը, մասնավորապես, հարաբերությունների նոր համակարգերի, քաղաքական դիսկուրսների ստեղծման, ինչպես նաեւ միջանձնային ու սոցիալական հարաբերությունների մասին է։ «Այս ամենն այժմ կուտակվել է, եւ մենք՝ որպես երկու հասարակություն կամ երկու պետություն, դեռ համարժեք արձագանք չենք տալիս այս ամենին»,-ասաց պրոֆեսորը՝ կոչ անելով վերջապես ընդունել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մինչեւ օրս գործող փափուկ ուժի համակարգերը զգալիորեն հնացել են։
Այսպիսով, ինչպես նշեց Սողոմոնյանը, անհրաժեշտ է վերանայել գրեթե ամեն ինչ։ «Ճիշտ հասկացեք, եթե նախկինում Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները 100 տոկոսանոց արդյունք էին տալիս, ապա հիմա դա պարզապես շատ լավ հիմք է, որի վրա դեռ պետք է կառուցվի փափուկ ուժի ամբողջ անհրաժեշտ մեխանիկան եւ մոտորիկան։ Ահա մեկ կոնկրետ օրինակ։ Շատ լավ է, որ այդ ընկերությունները կան, եւ նրանք պետք է շարունակեն հեռարձակվել։ Դա, անշուշտ, այդպես է: Սակայն մենք պետք է զարգանանք դեպի սոցիալական ցանցեր եւ այլ ավելի ժամանակակից մեխանիզմներ»,-ընդգծեց նա։
Սողոմոնյանը համոզված է, որ նման աշխատանք պետք է տարվի ոչ միայն պետական մակարդակով։ Փորձագիտական համայնքը նույնպես պետք է միանա վերը նշված գործընթացին՝ իր առաջարկները ներկայացնելով իշխանություններին։
«Սա հնարավորություն կտա բարելավել այդ մեխանիզմները։ Բացի այդ, երկու երկրներում ներկայությունը չպետք է սահմանափակվի միայն լրատվամիջոցներով»,- կարծում է փորձագետը։ Նա նաեւ առաջարկեց ձեւավորել ընդհանուր հարթակ հետագա քննարկումների համար։ Միայն թե այն, ի տարբերություն «Լազարեւյան ակումբի», այն պետք է ներառի շատ ավելի մեծ թվով ներկայացուցիչներ երկու երկրներից։











