Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համագումարը։ Նիստը վարում է կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
ՔՊ–ի 6–րդ համագումարում պետք է հաստատվի կուսակցության նոր կանոնադրությունը, ծրագիրը եւ ընտրվի նոր վարչություն։
Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ կուսակցության համագումարում վարչության կողմից հաստատված 1309 պատվիրակ կա, բայց գրանցված են 1060–ը։
Նիստը արձանագրելու համար ընտրվեց համաժողովի քարտուղար։ ՔՊ–ի վարչությունը այդ պաշտոնում առաջադրել էր ՔՊ փոխնախագահ, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի թեկնածությունը։ Բաց քվեարկությամբ Հակոբ Սիմիդյանն ընտրվեց համաժողովի քարտուղար։
Հաշվիչ հանձնաժողովի 23 հոգանոց կազմը հաստատելուց հետո մեկնարկեցին ելույթները։ Առաջինը ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Մարզահամերգային համալիրում անցկացվող համագումարին մասնակցում են ՔՊ անդամ պատգամավորներ, համայնքապետեր, մարզպետներ, տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաեւ այլ հրավիրյալներ:
Համագումարը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 18-ին, սակայն այն հետաձգվեց սահմանային լարվածության պատճառով:
Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցությունը իր նախորդ՝ 5-րդ համագումարը անցկացրել էր 2019 թվականի հունիսին։ Վարչության նախագահ էր ընտրվել Սուրեն Պապիկյանը։











