Խաղաղության պայմանագրի թե ռուսական, թե արեւմտյան, թե ամերիկյան առաջարկների դեպքում մեր դիվանագիտությունը շատ հստակ պետք է փորձի ամրագրել երկու սկզբունք՝ Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ Արցախի ինքնորոշման իրավունքը: Այս մասին «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ»-ի հերթական թողարկման ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը
«Պետք է հստակ ամրագրել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա պարտադիր սկզբունք է: Հատկապես կարգավիճակի հարցը բոլոր փաստաթղթերում մեր դիվանագիտությունը պետք է փորձի ամրագրել եւ, իհարկե, միջանցքի հարցը: Մենք պարտավոր ենք ուղղակի Արցախի ինքնորոշման իրավունքի եւ կարգավիճակի հարցը դնել: ԵՄ-ն կարող է խոսել Արցախի հայության ազատությունների մասին, Ռուսաստանի նախագահը՝ առանձնահատկությունների մասին, եւ սրանք բոլորը դիվանագիտական ձեւակերպումներ են, ինչպես դիվանագիտական ձեւակերպում է Արցախի կարգավիճակի եւ ինքնորոշման հարցը Ադրբեջանի կազմից դուրս: Պետք չէ խոսել Արցախի ժողովրդի ազատությունների եւ առանձնահատկությունների մասին, պետք է խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Կա հստակ բան, որ Արցախում ապրող հայերը չեն ուզում լինել Ադրբեջանի կազմում: Մեր դիվանագիտությունը պետք է հստակ ամրագրի Արցախի ինքնորոշման իրավունքը »,- ասաց Արսեն Գասպարյանը:
Արսեն Գասպարյանի դիտարկմամբ՝ առաջարկները կարող են շատ լինել եւ անընդհատ փոխվել, բայց ինչ առաջարկներ էլ, որ լինեն պետք է հստակ խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ինչից էլ բխում է կարգավիճակի հարցը՝ շեշտելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Ինչ առաջարկներ էլ, որ արվեն պետք է հաշվի առնել, թե ով է ապահովում Արցախի հայության անվտանգությունը: Նրանց անվտանգությունն ապահովում է ռուս խաղաղապահ ուժը: Տարիներ շարունակ դա արել են Հայաստանի Զինված ուժերը եւ Արցախի Պաշտպանության բանակը, իսկ այսօր դա մնացել է միայն ռուս խաղաղապահի վրա եւ տեղական ուժերի վրա: Որ առաջարկը կընդունվի՝ դժվար է ասելը: Այս հարցի բարձրացման գործում մեծ դեր ունի արցախահայությունը»,- նշեց Արսեն Գասպարյանը:











