Հստակ պետք է ձեւակերպվի, որ Արցախի կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը չի կարող ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը եւ չի ապահովելու: Այս մասին «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ»-ի հերթական թողարկման ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը:

«Ազգերի ինքնորոշման իրավունքը, որը հիմնարար սկզբունք է համարվում, կա շատ տարածաշրջաններում: Կապ չունի՝ Ադրբեջանին դուր է գալիս, թե՝ ոչ, մենք իրավունք չունենք առաջ չտանելու ազգերի ինքնորոշման խնդիրը, որովհետեւ խոսքը 100 հազար հայի անվտանգության մասին է: Ադրբեջանն այսօր ասում է, որ Արցախի հարցը լուծված է, որովհետեւ հույս ունի, որ վաղը կկարողանա պայմանավորվել ռուս խաղաղապահի հետ եւ հարցը կդառնա զուտ ռուս-ադրբեջանական, եւ հետո կկարողանա հայության հարցը լուծել: Երկրորդ բանը, որ նրանք անում են Արցախի հարցը նպատակամղված բերում են հայ-ադրբեջանական սահման: Այս ամենը պարտված պատերազմի հետեւանքն է: Եվ ուրիշ խնդիր է 2021 թվականի ընտրությունները, երբ 680 հազար մարդ ընտրեց պարտված իշխանությանը: Այդ ընտրությունով կնիք դրվեց կորցրած տարածքների, հազարավոր զոհերի, գերիների վրա: Այս ամենի հետեւանքն էլ պետք է լիներ այսպիսինը պետք է լիներ: Հստակ լուծումներ են պետք գտնել: Չի կարելի 100 հազար մարդու թողնել այդ վիճակում: Հստակ պետք է ձեւակերպվի, որ Արցախի կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը չի կարող ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը եւ չի ապահովելու»,- ասաց Արսեն Գասպարյանը:

Արսեն Գասպարյանի խոսքով՝ Արցախյան հարցը պետք է բարձրացվի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաեւ տարբեր հարթություններում: Նա երեք ուղղություններ է առանձնացնում՝ երկկողմ դիվանագիտություն, միջազգային կառույցների հետ աշխատանք եւ Արցախի Հանրապետության ներսում որոշակի փոփոխությունների կատարում:

«Երկողմ դիվանագիտության մասով կարծում եմ, որ առանձնահատուկ աշխատանք պետք է տարվի արեւմտյան կիսագնդում, որովհետեւ 1934 թվականի Մոնտեվիդեոյի կոնվենցիան հստակ չափանիշներ սահմանեց: Առաջինը՝ պետության բնակչությունը, որը մեր դեպքում 100 հազարն է, պետության սահմանները, որոնք նույնպես կան: Այս պարագայում նկատենք, որ պետք է խոսել ԼՂԻՄ-ի սահմանների մասին, որի մեջ մտնում է Շուշին եւ Հադրութը: Երրորդ սկզբունքը՝ կառավարությունը եւ պետական ինստիտուտները, չորրորդը՝ պետության կարողությունը վարել արտաքին քաղաքականություն եւ կապեր հաստատել: Այս բոլոր չափանիշները համապատասխանում են Արցախի Հանրաապետությանը: Պետք է աշխատել բոլոր երկների հետ, որոնք միացել են այս կոնվեցիային: Մեծ աշխատանք կարելի է տանել նաեւ Արեւելյան Թիմորի եւ Հարավային Սուդանի հետ: Սրանք այն երկու նոր պետություններ են, որոնք վերջերս անցան այդ ճանապարհը»,- նշեց Գասպարյանը: