Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություններ է ունեցել, որ սեղանին չկա որեւէ փաստաթուղթ, բայց վերջին հայտարարություններին ասաց, որ դեռ սեպտեմբերի սկզբին համաձայնություն եմ տվել ռուսական կողմի փաստաթղթին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Պարզվեց, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի ամերիկյան տարբերակը: Այսինքն եւս մեկ անգամ արձանագրենք, որ սուտ է խոսել: Սա այն մարդն է, որ կապիտուլյացիան ստորագրելուց 8 ժամ առաջ հայտարարել է՝ Շուշին հայկական ուժերի տրամադրության տակ է, հաղթելու ենք: Մի ձեռքով քննարկել է կապիտուլյացիայի փաստաթուղթը, մյուս կողմից խաբել է հանրությանը:

Երբ ասում է՝ կողմ եմ ռուսական առաջարկներին, որեւէ արժեք չունի, քանի դեռ հստակ չի հայտարարում, որ մերժում է մյուս տարբերակը, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ առհասարակ Արցախի հարցը: Քանի դեռ ինքն այդ հայտարարությունը չի արել, մնացածը բառախաղ է, միջազգային հանրության հետ գավառական ճարպկությամբ ինչ-որ քաղաքականություն վարելու եւ մանեւրելու փորձեր են»,-ասաց նա: