Նիկոլ Փաշինյանը փնտրտուքների մեջ է, ինքը երկու հարթակներում պարտվեց, հիմա չգիտեմ՝ երրորդում ինչ կլինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետը նախ այցելեց Բրյուսել, հետո Սոչի, հիմա էլ մեկնել է Իրան:
«Իրանն այն երկիրն է, որ տարածաշրջանում ունի կենսական շահեր եւ այդ շահը հակասում է պանթուրքական շահերին: Իրենք պետք է կարողանան այդ շահը վերածել ավելի պրակտիկ գործողությունների»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ գուցե դրանով Փաշինյանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հայաստանը վարում էր կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն եւ դրա մեջ հաջողում էր: Այս իշխանությունները վարում են բազմավեկտոր կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն եւ բոլոր վեկտորների վրա են ձախողվում: Տարբերությունը դա է»:
Հարցին, թե իր կարծիքով ի՞նչ հարցերի շուրջ Սոչիում կողմերը չեն եկել համաձայնության, որի մասին խոսեց նաեւ Պուտինը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Դա անկասկած ճանապարհների խնդիրն է, որովհետեւ հղում են արել 2021-ի հունվարի 11-ի եռակող հայտարարության վրա, որը կարգավորում է «ապաշրջափակումը»: Կարծում եմ՝ խաղաղապահների մասին է նույնպես խոսք եղել: Հույս ունեմ, նաեւ Արցախի հարցը օրակարգում պահել-չպահելու հարցն է եղել»:
Խոսելով Ռուսաստանին որպես ռազմավարական դաշնակից կորցնելու հնարավորության մասին, «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց. «Եթե այսպես շարունակվի կկորցնենք մեր բոլոր ռազմավարական եւ ոչ ռազմավարական դաշնակիցներին: Արեւմուտքի դիրքորոշումը հստակ է, իրենք ասում են՝ երկար ժամանակ պատերազմ է եղել, փորձել ենք խաղաղություն հաստատել: Սյունիքի մասով իրենց համար դա կարմիր գիծ է: Իրենց պետք է, որ այս տարածաշրջանում լինի հանդարտություն, խաղաղություն եւ հասկանում են, որ եթե ադրբեջանական զորքերը լինեն Հայաստանում, այդ խաղաղությունը չի լինի: Արցախի հարցում մոտեցումը մի քիչ ուրիշ է:
Արեւմուտքից պնդում են, որ այստեղ լինի խաղաղություն, իսկ միջանցքի ճանապարհի մասին Փաշինյանն ինքն է ստորագրել: Միջանցք բառի սահմանումը ես չգիտեմ՝ որն է: Էքստերիտորիալությունը միջանցքի չափորոշիչ չէ, որովհետեւ եթե սրանց տրամաբանությամբ առաջնորդվենք, որ ասում են՝ միակ միջանցքը Լաչինն է եւ միջանցքի սահմանումը էքստերիտորիալությունն է, նշանակում է՝ իրենք ասում են, որ Լաչինն Ադրբեջան չէ: Ես Փաշինյանը տենց բան է ասում, ես պատրաստ եմ ողջունել, բայց ճիշտ կանի ինքը դա հայտարարի»:











