Իշխանությունից որեւիցէ մեկը չի ասել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլեւս գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես ողջունում եմ Արցախի խորհրդարանի հայտարարությունը եւ դրական եմ գնահատում Վերածննդի հրապարակի հանրահավաքը։ Մենք մշտապես շփումների մեջ ենք Արցախի խորհրդարանի հետ։ Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ ինքնորոշումը եւս իրավունք է, մեզ համար հետեւողական նպատակներից մեկն է։ Իշխանությունից որեւիցէ մեկը չի ասել, որ ինքնորոշման իրավունքն այլեւս գոյություն չունի»,- նշեց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ին «Դիմադրություն» շարժման սպասվող հանրահավաքն իր մոտ տպավորություն է ստեղծել, որ ընդդիմությունը շարժվում է «Никогда не сдавайся, позорься до конца» գաղափարախոսությամբ։
«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել։ Ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն ուղղակի դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք էլ ենք ընդդիմություն եղել, գիտենք՝ երբ է պետք հանրահավաք անել, երբ՝ չշարունակել։ Իրենք չեն գալիս խորհրդարան, երբ որ տարբեր օրենքներ են քննարկվում, բայց գալիս են Զատուլին պաշտպանելու։ Իրենք ՀՀ պատգամավորներ են, չեն գալիս նիստի այնքան ժամանակ, մինչև Զատուլինի թեմա է լինում, վեր են կենում, գալիս են, որ Զատուլինին պաշտպանե՞ն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։











