Սոչիի հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա նվազում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Փորձագետը դա բացատրեց ուկրաինական իրադարձություններով։

Ադրբեջանի կողմից միակ զիջումը, նրա գնահատմամբ, ռուսական զորքերի ներկայության մասին կետն էր։

«Սակայն այս հարցում ժամկետները հասկանալի չեն։ Մոսկվան ցույց է տալիս, որ ինքը գլխավոր միջնորդը չէ եւ չի կարող այլեւս իր կամքը թելադրել հետխորհրդային տարածքի երկրներին։ Հիմա հարցն այն է, թե ինչ կառաջարկեն Արեւմուտքում»,- հավելեց Դանիելյանը։

Ռուսաստանի խնդիրը, նրա կարծիքով, այն է, որ իր զորքերը մնան Հարավային Կովկասում՝ եւ՛ Արցախում, եւ՛ Հայաստանում։

Քաղաքագետը նշեց, որ Հարավային Կովկասը շատ կարեւոր տարածաշրջան է Մոսկվայի համար՝ Հյուսիսային Կովկասի տեսանկյունից եւ Կենտրոնական Ասիայի տեսանկյունից։

«Այս տարածաշրջանում, Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ մեկտեղ, Իրանը դարձել է երրորդ գլխավոր խաղացող՝ ձգտելով լրացնել այն վակուումը, որն առաջանում է Մոսկվայի դերի նվազմամբ»,- ընդգծեց նա։

Ըստ Դանիելյանի՝ պատահական չէ, որ Փաշինյանը Ռուսաստանից անմիջապես Իրան մեկնեց։

«Դա ցուցադրական քայլ էր։ Իրանի համար Ադրբեջանում թուրք-իսրայելա-բրիտանական ներկայությունը էկզիստենցիալ նշանակություն ունի։ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր պաշտպանվում է Իրանի շահերից ելնելով։ Իսկ ահա Արեւմուտքի շահերը հակասում են Մոսկվայի եւ Թեհրանի շահերին ու համընկնում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի շահերի հետ։ Արեւմուտքն աջակցում է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ իրականացնելով ծրագիր եւ ձգտելով լուծել իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական խնդիրները մինչեւ Կենտրոնական Ասիա տարածքում»,- եզրափակեց փորձագետը։