44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզում ոչինչ տեղի չի ունեցել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

«Կրակոցներ չկան: Հատուկենտ կրակոցները միշտ էլ եղել են: Ոչինչ չի կատարվում մեր սահմաններին: Տավուշի մարզի հողերից մոտ 5 հազար հեկտար ադրբեջանցիների հսկողության տակ են, բայց դա 1990 ականներից»,- նշեց նա:

Ղալումյանը խնդրեց իրեն այլեւս հարցեր չուղղել Տավուշի մարզից այսպես կոչված անկլավների հանձնման մասին, քանի որ ինքը չի ցանկանում պատասխանել:

«Ես այդ հարցին չեմ պատասխանի: Իմ անձնական որոշումն է չպատասխանելը: Այդ մասին չեմ խոսում, այդ հարցը հաջորդ անգամ չտաք: Այս պահին նման բան չի քննարկվում: Չեմ էլ կարող բացառել, որ նման բան չի լինի»,- ընդգծեց մարզպետը:

Մարզպետը նշեց, որ չնայած շրջանառվող տեղեկություններին, Վերին Ոսկեպարի սահմանին ռուս խաղապահների անցակետ չկա: