Դիտորդական առաքելության ներկայաությունը պատճառներից մեկն է, որ հակառակորդը նվազեցրել է կրակոցները Գեղարքունիքի մարզի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Իրենք ունեն մեկ շտաբ, բայց առաքելությունն իրականացնում են ամբողջ երկայնքով, որտեղ կատարվել է ագրեսիան: Առաքելությունը 8 հոգուց է բաղկացած: Իրենք զեկույց են ներկայացնելու, դիտորդների շարքում կան մարդիկ, որոնք արձանգրումներ են արել եւ վստահ են, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի տարածքի նկատմամբ եւ, որ տարածքներ է օկուպացրել Հայաստանից»,- նշեց Սարգսյանը:
Մարզպետի խոսքով՝ տեղահանված ընտանիքների մեծ մասը վերադարձել են, չեն վերադարձել հիմնականում Կուտականի եւ Սոթքի բնակիչները, որոնց տները ագրեսիայի հետեւանքով շատ ծանր վնասներ են կրել:
«Սոթքում ունենք տներ, որոնք ամբողջությամբ փլուզված են եւ հնարավոր չէ ապրել, բայց իրենց համար տներ ենք վարձակալել, որ ապրեն այնտեղ մինչեւ տների վերականգնումը: 2021 թվականի մայիսից եղել են արոտավայրերի խնդիրներ: Եղել է, որ ֆերմերները հարկադրված մորթի են տարել իրենց անասուններին, բայց այս տարվա դրությամբ փաստագրված տվյալներ չկան: Սեպտեմբերից հետո եղել են ֆերմերային տնտեսություններ, որոնք ուզել են իրենց անասուններին վաճառել, բայց իրենց հետ ունեցել ենք հանդիպումներ, քննարկումներ: Այս պահին մարզում ֆերմերային տնտեսությունների քանակը չի պակասել»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը:











