Վստահ եմ՝ չնայած բոլոր դժվարություններին, բոլոր մարտահրավերներին, որոնց հետ բախվում են Հայաստանը եւ Ռուսաստանը, հոգեւոր առանցքը բավականին ամուր է, որպեսզի մեր հարաբեորությունները հաղթահարեն բոլոր այդ մարտահրավերները եւ մենք հետագայում էլ միասին ապրենք եւ համագործակցենք՝ պահպանելով մեր մշակութային եւ հեգեւոր ավանդույթների ընդհանրությունը։ Նոյեմբերի 7-ին Երեւանի Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ըստ նրա՝ դրա օգտին է խոսում նաեւ խորը ռազմավարարական շահերի ընդհանրությունը։ Նա հավելեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները դարերի պատմություն ունեն։
«Շատ կարեւոր է, որ դարերի ընթացքում եւ՛ հայկական, եւ՛ ռուսական կողմից միշտ եղել եւ մնացել են մարդիկ, որոնք մտահոգվում են մեր հարաբերությունների համար եւ անկեղծ սիրով են վերաբերվում թե Հայաստանին, հայ ժողովրդին եւ թե Ռուսաստանին, ռուս, ռուսաստանցի ժողովրդին։ Այդպիսի մարդիկ են կազմում այն հոգեւոր առանցքը, որը միավորում է մեր երկրները»,- ասաց Կոպիրկինը։











