Հայերը կազմում են ռուս հասարակության զգալի, բավականին ազդեցիկ մասը, եւ մեզ համար շատ դժվար է խզել այդ կապերը, առանձնացնել մեզ իրարից, ուստի մենք սովոր չենք փիառով զբաղվել եւ ինչ-որ խաղեր խաղալ այս ամենի շուրջ։ Նոյեմբերի 7-ին Երեւանի Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա պարզաբանեց, որ դա բնորոշ չէ ռուսական մտածելակերպին.
«Հավանաբար, դա միշտ չէ, որ ծառայում է գործին: Միաժամանակ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ռուսաստանի ջանքների մասին տեղեկացվածությունն ավելի լայն լինի», - ասաց դեսպանը։
Ընդ որում, ըստ Կոպիրկինի, Ռուսաստանը, շեշտը դնում է ոչ թե փիառ բաղադրիչի, այլ իրական բովանդակության վրա։ «Մեր ավանդական մոտեցումը հանգում է նրան, թե ինչ ենք մենք անում: Սա ընդհանուր առմամբ մեր հարաբերությունների բնորոշ գիծն է։ Այն, ինչ անում է Ռուսաստանը Հայաստանում, Հայաստանի համար, Հայաստանի հետ միասին, մեծ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի, հայկական պետության համար։ Կարծում եմ՝ պետք չէ օրինակներ փնտրել։ Մենք ավանդաբար նման գործունեությունը չենք դիտարկել որպես փիառի տարր։ Մեզ համար Հայաստանը, հայ ժողովուրդը մեր եղբայրներն են, որոնց հետ շատ բան է կապված»,- ընդգծեց նա։











