Հայ Ադրբեջանական հարաբերություններում սեղանի վրա տարբերակներ չկան, կան մոտեցումներ, որոնք դեռ պետք է մշակվեն. Պայմանական ասած ռուսական, արեւմտյան մոտեցումների մեջ մեծ տարբերություն չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Տարբերությունը վերաբերում է ոչ թե խաղաղության պայմանագրին, այլ Ղարաբաղի հիմնահարցին: Այստեղ կա տարբերություն եւ մենք պետք է ամեն կերպ խուսափենք, որ այդ մոտեցումների տարբերությունը չբերի շահերի բախումների առավելեւս մեր տարածաշրջանում:

Մեր քաղաքականությունը հռչակված է, որ մենք տարանջատում ենք խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, որին հավանաբար կհաջորդի Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորումը, եւ առանձին դիտարկում ենք Ղարաբաղի հիմնահարցը»,-ասաց նա:

Խաչատրյանը նկատեց, որ խնդիրները փոխզիջումներով են լուծվում. «Թե այդ փոխզիջումներն ինչ աստիճանի կլինեն, եւ որքանով կբավարարեն կողմերին, կյանքը ցույց կտա: Եթե փոխզիջումները կողմերին չբավարարեն, չի ստորագրվի այդ փաստաթուղթը: Մենք առավել քան շահագրգռված ենք այդ խաղաղությունը երաշխավորել: Նաեւ գիտակցում ենք, որ այդ պայմանագրով խաղաղությունը չի երաշխավորվելու, խաղաղությունը երաշխավորվելու է մեր բանակի ուժեղացմամբ, որը եւ արվում է: Բայց դրա համար մեզ ժամանակ է պետք, եւ պետք է փորձենք հեռու մնալ ռազմական բախումներից, սահմանին լարված վիճակից: Խաղաղության պայմանագիրը այդ ամենում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Որքան շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այդքան լավ»,-ընդգծեց նա: