Այս պահին որոշակի առումով արդեն երեւում է հայ-իրանական ապագա ռազմական դաշինքը, որը հաստատապես կայացած էլ կլիներ, եթե ՀՀ-ում լիներ այլ իշխանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ուղղակի այս իշխանությունները չեն ծառայում հայ ժողովրդին, ծառայում են անհասկանալի ուժերի: Դրա համար է, որ այս դաշինքը միս ու արյուն չի ստանում, սակայն ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում համապատասխան ուժերի տեղաբաշխման դեպքում ադրբեջանա-թուրքական դաշինքին կարող է հակակշռել հայ-իրանական դաշինքը:
Ընդ որում, դա Մոսկվային շատ ձեռնտու տարբերակ է, որովհետեւ Մոսկվան իր կայսերական ամբիցիաները կառուցել է այնպես, որ չի ուզում իր հարաբերությունները փչացնել ոչ հայերի հետ, ոչ ադրբեջանցիների: Իսկ նման մոդելի ձեւավորման դեպքում Ռուսաստանն իրեն կպատկերացնի բարձրագույն արբիտր, եւ այդ դերում կփորձի ստվերային դիվանագիտության եղանակով կարգավորել այս կամ այն հարցը»,-ասաց նա:
Կիվիրյանի խոսքով, հայ-իրանական ռազմական դաշինքի խորացումն ինչ-որ տեղ այս պահին նաեւ ձեռնտու է Մոսկվային:. «Մոսկվան շատ խիստ զբաղված է Ուկրաինայով, այնքան է զբաղված, որ իր դաշնակից Հայաստանին զենք մատակարարելու հետ կապված ունի խնդիրներ, որովհետեւ ինքն էլ զենքի կարիք ունի: Միակ օտար պետությունը, որտեղից ինքը ստանում է զենք, Իրանն է: Արդեն խոսվում է, որ Իրանի կողմից Ռուսաստանին մատակարարվելու են նաեւ հեռահար հրթիռներ: Խոսքը մինչեւ 700 կմ հեռավորությամբ հարվածող հրթիռների մասին է:
Ակնհայտ է, որ Իրանն ունի զենքի բավականին մեծ պաշարներ կուտակած: Սրանք այն զենքերն են, որոնց կարիքն ունի նաեւ Հայաստանը: Քանի որ Մոսկվան զբաղված է Ուկրաինայով, իրեն շատ ձեռնտու կլինի, եթե Իրանն իր անվտանգության հովանոցի տակ վերցնի Հայաստանին: Այդ ժամանակ հնարավոր կլինի հակակշռել թուրք-ադրբեջանական դաշինքին եւ իրենց ամբիցիաներին այս տարածաշրջաններում: Իսկ գլոբալ հարցերում կհայտնվի Մոսկվան եւ իր դիվանագիտական կարգավորումները կփորձի այս իրավիճակում տալ: Հայաստանն արդյունավետ խաղալու դեպքում ոչ միայն Իրանից կարող է ստանալ անվտանգության որոշակի երաշխիքներ, այլեւ հողի վրա կարող է ստանալ արդյունավետ զենքեր, որի կարիքն ունի»,-ընդգծեց Արգիշտի Կիվիրյանը:











