Ադրբեջանի կողմից եռակողմ եւ այլ պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։
«2020թ-ի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի ԼՂ տարածքում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022թ-ի մարտին՝ ներխուժելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, խախտելով նոյեմբերի 9-ով սահմանված շփման գիծը, եւ հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»։
«Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը, զուգահեռաբար հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այս պնդումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում է։ Նաև Ադրբեջանի կողմից հիշատակված այդ փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղ» անունը։
Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ բնակչության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում:
Զուգահեռաբար փորձ է արվում կառուցողական երևալ և հայտարարում է, որ ԼՂ հայերը իրենց քաղաքացիներն են և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է: Թե որքանով է այս պնդումը համապատասխանում իրականությանը, կարելի է ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և ԼՂ այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել»,- նշեց Փաշինյանը։
Նա նաեւ հավելեց. «Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը նոյեմբերի 9–ի հայտարարության 7–րդ կետի կոպիտ խախտում է։ Այս և նմանատիպ գործողություններն ու հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այս մտադրությունն արտահայտված է նաև խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարության կետերից առնվազն երեքը։











