Թերեւս միայն Ռուսաստանի նախագահի ստորագրությունն է ծանրակշիռ հիմք տալիս  2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը, իհարկե սա ոչ թե իրավական, այլ քաղաքական տեսակետից։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, «Միացյալ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վարդան Այվազյանը։

«Մնացած առումներով այդ հայտարարությունը չի բավարարում միջազգային պայմանագրի պահանջներին եւ բնականաբար այն լեգիտիմ համարել չենք կարող։ Իհարկե հնարավոր է առոչինչ համարել այդ հայտարարության դրույթները, բայց դրա առոչինչ լինելը ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում չնչին երեւույթ է, որովհետեւ անգամ եթե այդ խայտառակ խաղաղության պայմանագիրը կնքվի, իրավական առումով դա տեւելու է այնքան ժամանակ, քանի դեռ կողմերի ուժային դիրքերը փոփոխվեն կամ էլ աշխարհաքաղաքական իրողություն փոխվի,  ինչպես եղավ 1994 թվականի հրադադարի պայմանագրի դեպքում։ Այսինքն՝ դա չօգնեց, որ 44–օրյա պատերազմը չսանձազերծվի Ադրբեջանի կողմից»,– ասաց Վարդան Այվազյանը։

Սահմանադրական իրավունքի մասնագետի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է անցնի իրավական ընթացակարգերով։

«Դա բխում է մեր երկրի իրավական անվտանգության շահերից։ Պետք է Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ այն չի հակասում մեր երկրի Սահմանադրությանը, հետո դրա հիման վրա Ազգային ժողովը վավերացնի այն եւ ուժի մեջ մտնի այն»,– ասաց  Վարդան Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։