Իրանը դեռ 1,5 տարի առաջ Ադրբեջանին սպառնացել է լուրջ հետեւանքներով, երբ Իրանում սպանել են իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեին։ Այդ ժամանակ տեղեկություններ են հայտնվել, որ Ֆահրիզադեի մեքենայի տեղաշարժի կոորդինատները տրամադրող ԱԹՍ-ն դուրս է եկել Ադրբեջանից։ Դրանից հետո Իրանի պաշտպանության նախարարը մեկնել է Ադրբեջան՝ լուրջ հետեւանքներով սպառնալով նման միտումը շարունակելու դեպքում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոնը» հաղորդաշարի շրջանակում հայտարարեց իրանագետ Հարութ Առաքելյանը։

«Դրանից հետո Ալիեւն Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովից հետաքրքրվեց, թե ով է դա արել։ Հասանովը պատասխանեց Ալիեւին․ «Դա մենք չենք արել, դա մեր հյուրերն են արել»։

Պատերազմի ժամանակ մենք ասում էինք, որ Արցախի օկուպացված տարածքները Ադրբեջանին պետք չեն։ Այդ տարածքները կբնակեցվեն Սիրիայի եւ Լիբիայի աղքատ ահաբեկիչներով, որոնք նույնիսկ փոքր վարձատրության դիմաց պատրաստ են ամեն ինչի։

Հրապարակումներ եղան նաեւ, որ Իսրայելը ցանկանում է այդ տարածքներում ստեղծել «խելացի քաղաքներ» եւ այնտեղ վերաբնակեցնել Ռուսաստանից փախած հրեաներին։ Բացի այդ, այդ տարածքներում կառուցված օդանավակայանները լոգիստիկ նշանակություն ունեն։ Այս ամենն ուղղված է Թուրքիայի կողմից միջին միջանցքի գրավմանը, որը դարձել է Ասիայից Եվրոպա միակ անվտանգ միջանցքը։ Այստեղ միակ խոչընդոտը Հայաստանն ու Տաջիկստանն են, որոնք չեն վերաբերում թյուրքական աշխարհին։ Հայաստանին փորձում է վերացնել Ադրբեջանը, Իսկ Տաջիկստանին՝ Ղրղըզստանը»,-նշեց փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ այս ծրագիրը վայելում է Արեւմուտքի աջակցությունը, որը ցանկանում է վերահսկել Չինաստանից բոլոր առեւտրային ուղիները:

Առաքելյանը կարծում է, որ Ադրբեջանն Իրանի դեմ աշխատում է ոչ իր կամքով. նրա հետեւում կանգնած են Թուրքիան եւ Իսրայելը, որոնք նպատակ ունեն վերացնել տարածաշրջանում Իրանի ազդեցությունը։

«Արցախում պատերազմն Իրանի դեմ գործողություն էր։ Թեհրանը փորձում է դիմակայել այս ամենին, թեեւ նրանք այժմ զբաղված են նաեւ իրենց ներքին խնդիրներով, որոնք վերաճել են զինված պայքարի։ Իրանի դեմ պրոքսի պատերազմ է ընթանում։ Իրանին 20 տարվա ընթացքում չեն կարողացել ճնշել պատժամիջոցներով, իսկ այժմ անցել են ներքին անկայունության եւ անջատողականության ստեղծման մեթոդին։ Ռայիսիի՝ իշխանության գալուց հետո Իրանը սկսեց նավթ վաճառել կանխիկ գումարով, ինչպես նաեւ հայտարարեց ուրանը մինչեւ 60 տոկոս հարստացնելու մտադրության մասին: ԱՄՆ-ի համար իրանական հրթիռների քանակը եւ հեռահարությունը նույնպես խնդիր են, եւ Վաշինգտոնը ցանկանում է կրճատել դրանք: Բայց Թեհրանը՝ իմանալով Իրաքի եւ Լիբիայի փորձը, համաձայն չէ ԱՄՆ-ի պայմաններին։ Ուստի արտաքին ուժերն անցել են Իրանի ներսում իրավիճակի ապակայունացմանը»,-նշեց Առաքելյանը։