Ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում են սադրանքները:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Որևէ զարմանալի բան չկա, մենք, ինչքան հիշում ենք, այդ սադրանքներն անընդհատ եղել են, կարծում եմ՝ առաջիկայում էլ կլինեն, պետք է պատրաստ լինենք այս ամենին», - հայտարարեց նա։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ հայկական կողմից բավական ակտիվ շարունակվում են ինժեներական աշխատանքները, որոշ հատվածներում արդեն տրվել է ավարտ։

Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ առաջնագծում կահավորում իրականացնելը, ինժեներատեխնիկական լուծումներ տալը որևէ կերպ պայմանավորված չէ սահմանների գծման հեռանկարի հետ. պայմանավորված է կոնկրետ այս  պահին մեր պաշտպանունակությունը կազմակերպելու ու բարձրացնելու հետ. «Այսինքն՝ եթե նորից ագրեսիա եղավ, մենք պետք է ամեն կերպ պատրաստ լինենք եւ զինամթերքով, եւ ինժեներատեխնիկական լուծումներով: Սա արվում է այդ նպատակով, որևէ կապ չունի սահմանների գծնանշման աշխատանքների հետ։ Մեր հարևանն Ադրբեջանն է եւ հուսալ, որ այս անգամ չեն հարձակվի, տեղին չէ, ցանկացած սցենար կարող է իրականություն դառնալ», - ասաց պատգամավորը։