Հայաստանի իշխանությունները վերջերս հայտարարել են 2023 թվականին «գյուղատնտեսական մարդահամար» անցկացնելու ծրագրերի մասին, որի ընթացքում կճշգրտվի գյուղացիական տնտեսությունների քանակը, նրանց ունեցվածքը եւ գյուղատնտեսության մեջ ընդհանուր իրավիճակը։

Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը հիշեցրեց, որ 2014 թվականին Հայաստանում արդեն իրականացվել է գյուղատնտեսության ընդհանուր գույքագրում, եւ այդ նպատակների համար լուրջ ռեսուրսներ են ծախսվել։

«Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում այդքան դրական, որ անհրաժեշտ է, այսպես կոչված, «գյուղատնտեսական մարդահամար» անցկացնել»,- տարակուսեց Հարությունյանը։

Փորձագետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կոչ արեց այս ուղղությամբ ոչինչ չպլանավորել՝ հերթական սխալ քայլերից խուսափելու համար։

«Փոխարենը թող տեղեկատվություն տրամադրեն վերջին 3-4 տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունավետության մասին։ Տեղ չկա ծախսելու այն փողերը, որ «գյուղատնտեսական մարդահամարի» վրա պետք է ծախսվեն։ Փոխարենը ավելի համեստ միջոցների համար կարելի է փորձագիտական հետազոտություն կատարել եւ պլանավորել հետագա անելիքները գյուղատնտեսության ոլորտում»,- նշեց նա։

Հարությունյանը հայտարարեց, որ կառավարությունը հստակ ծրագիր չունի, իշխանություններն ընդամենը փորձում են շեղել ուշադրությունը.

Նա վստահ է, որ իշխանությունները գիտեն, որ պատկերը ճնշող է, բայց փորձում են ժամանակ շահել։