Սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականի բյուջեի աճը 2018-ի նկատմամբ 56 տոկոս է կազմում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կստացվի, որ մենք երկու տարվա ընթացքում երեք, կամ միգուցե 4 անգամ բարձրացնում ենք կենսաթոշակները: Մի անգամ բարձրացրել ենք սեպտեմբերից, ներդնելով նաեւ անկանխիկ առեւտրի պարագայում 10 տոկոս հետվճարի համակարգը: Հաջորդ անգամ  թոշակները կբարձրանան 2023-ի հուլիսի, եւ հետվճարի համակարգը եւս համապատասխան չափով կբարձրանա:

Մենք անկանխիկի խրախուսման համակարգով մենք թոշակառուներին առաջարկում ենք, որ նրանք մեզ օգնեն, որ իրենց թոշակները բարձրացնելու համար անհրաժեշտ եկամուտներ գեներացնելու»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2023-ին կշարունակվի ծրագիրը, որով 3-րդ եւ ամեն հաջորդ երեխայի ծննդյան դեպքում դրամական աջակցություն է տրամադրվում. «Այս տարվա 10 ամիսների արդյունքներով շուրջ 8919 երեխա ստանում է այդ աջակցությունը: Երեխա ծնվելու դեպքում հիփոթեքային ծրագիր ենք իրականացնում, ինչը նույնպես կարեւոր է»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով, 2023-ին առոջղապահության բյուջեն 2018-ի նկատմամբ աճում է 87 տոկոսով. «Պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողների աշխատավարձը կավելանա միջինը 40 հազար դրամով, որը 20-22 տոկոս է: Առողջապահության ոլորտում եւս մեկ էական, հեղափոխական փոփոխություն է տեղի ունեցել. առողջապահական համակարգում 2018-ի համեմատ 2022-ի առաջին 10 ամիսների վիճակագրությամբ պետպատվերով 150 հազարով ավելի դեպք է սպասարկվել»,-ասաց վարչապետը: