Պատրանք կա, որ ՌԴ-ից քաղաքացիների կտրուկ հոսք կա Հայաստան, եւ այդ պատճառով բնակչության թիվը կտրուկ կավելանա։ Կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանից քաղաքացիների ներհոսքը չի նշանակում, որ միգրացիան Հայաստանից չի շարունակվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ժողովրդագրության հարցերով փորձագետ Միքայել Մալխասյանը։
Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի առաջին 8 ամիսներին հայկական փաստաթղթերով քաղաքացիների ուղեւորահոսքի բացասական ցուցանիշ է գրանցվել մոտ 50 հազար մարդու մակարդակում։ Մալխասյանը հորդորեց ամեն ինչ անել, որ մահացության մակարդակը չգերազանցի ծնելիության մակարդակին, ինչպես նաեւ ոչ ստանդարտ ծրագրեր իրականացնել։
«Վերջին պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմում է 2 միլիոն 970 հազար մարդ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2021 թվականի հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 2 միլիոն 791 հազար։
ՄԱԿ-ի միջին սցենարի համաձայն՝ մինչեւ 2080 թվականը Հայաստանի բնակչությունը կկրճատվի մինչեւ 2 միլիոն մարդու ցուցանիշից ցածր, իսկ մինչեւ 2100 թվականը՝ մինչեւ 1,6 միլիոն մարդ։
Ադրբեջանը հրապարակում է 10,3 միլիոն թիվը, ներառյալ՝ արցախահայությունը։
ՄԱԿ-ի միջին սցենարի համաձայն՝ մինչեւ 2071 թվականը Ադրբեջանի բնակչության թիվը կնվազի մինչեւ 10 միլիոն մարդ, իսկ 2100 թվականին՝ մինչեւ 8,2 միլիոն մարդ։
Ըստ ՄԱԿ-ի լավատեսական սցենարների՝ 2080 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 2,6 միլիոնից ցածր, իսկ 2100 թվականին՝ 2 միլիոն 506 հազար։
Ըստ ՄԱԿ-ի լավատեսական սցենարների՝ 2061 թվականին Ադրբեջանի բնակչությունը կգերազանցի 12 միլիոնը, իսկ 2100 թվականին այդ թիվը կկազմի 12 միլիոն 600 հազար։ Այսինքն՝ 5 անգամ ավելի, քան Հայաստանի բնակչությունը։
Բացասական սցենարների համաձայն (իսկ համապատասխան նախադրյալները պահպանվում են) մինչեւ 2044 թվականը Հայաստանի բնակչությունը կնվազի մինչեւ 2,5 միլիոն, մինչեւ 2065 թվականը՝ 2 միլիոն, իսկ մինչեւ 2100 թվականը կկազմի ընդամենը 938 հազար։
Բացասական սցենարների համաձայն՝ 2033 թվականին Ադրբեջանի բնակչությունը կսկսի նվազել, 2050 թվականին այն կկազմի 10 միլիոնից պակաս, 2062 թվականին՝ 9 միլիոնից պակաս, 2073 թվականին՝ 8 միլիոնից պակաս, 2082 թվականին՝ 7 միլիոնից պակաս, 2092 թվականին՝ 6 միլիոնից պակաս։ Մինչեւ 2100 թվականը Ադրբեջանի բնակչությունը կկազմի 5 միլիոն 167 հազար։ Բայց դա կրկին 5 անգամ ավելի է, քան Հայաստանի բնակչությունը»,- ասաց փորձագետը։
Նա բացատրեց, որ Հայաստանի մշտական բնակչության թվի ցուցանիշով այն համեմատելի է 50 տարի առաջվա տվյալների հետ։
Սակայն ապագայում գնահատականները կարող են փոխվել՝ կախված իրավիճակից:
«Եթե բեկում լինի եւ հիմնական խնդիրները լուծվեն, ապա բնակչության թվի ցուցանիշը կայուն կլինի»,- եզրափակեց փորձագետը։











