Եթե Ադրբեջանի համար կոմունիկացիաների բացման հարցը ոչ թե էսկալացիա փնտրելու առիթ է, այլ իսկապես կոմունիկացիաներ կառուցելու, վերակառուցելու, այդ հարցը կարող ենք համարել լուծված: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ նաեւ, որ մենք զարգացրել ենք մեր ասելիքն այնքան, որ կարող ենք գնալ կոնկրետ լուծումների: Պարզապես պետք է իսկապես աշխատենք այդ լուծումների ուղղությամբ, ոչ թե հանդիպումներով արձանագրենք, որ էլի հանդիպեցինք: Գաղափար կա, որ բարձր մակարդակի հանդիպումներում մենք հաճախ չենք հասցնում բոլոր դետալների մեջ խորանալ: Ուստի կարծում եմ, որ պետք է դիտարկել տարբերակը, որ փորձագիտական մակարդակում ավելի շատ աշխատանք իրականացվի, հետո ավելի բարձր մակարդակով այդ աշխատանքի արդյունքները ֆիքսեն, հետո բարձրագույն մակարդակում արդեն կայացվեն վերջնական որոշումներ: Բանակցային այսպիսի հարթակներ ձեւավորելն առաջիկա ամենակարեւոր գործերից մեկն է, որը մեզ հնարավորություն կտա իկապես տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղություն հաստատել»,-ասաց Փաշինյանը:











