Կառավարությունը բազմիցս նշել է, որ մենք բանակցում ենք խնդիրը մի քանի ուղղություններով, թե խաղաղության պայմանագրի շուրջ, թե սահմանների սահմանազատման, թե ճանապարհային ուղիների բացման, եւ նաեւ ԼՂ-ում անվտանգության եւ մարդու իրավունքների ապահովման մասին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, որ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մնում բանակցությունների օրակարգից, փոխնախարարն ասաց. «Բայց չեք կարծո՞ւմ, որ մարդու իրավունքների, անվտանգության մասն է ձեր նշած հարցը: Իհարկե, առանց դրանց քննարկել այդ հարցն անհնար է»:
Ինչ վերաբերում է նրան, որ նախկինում Հայաստանը բարձրացնում էր Արցախի ինքնորոշման հարցը, այսօր Արցախի բնակչության անվտանգության հարցը, այսինքն առանջնահերթություններ են փոխվել, Պարույր Հովհաննիսյանն ասաց. «Առաջնությունների փոխման հարց չէ, իրավիճակի փոփոխման հարց է: Նախկինում ե՞րբ է եղել, որ Հայաստանը ենթարկվի ռազմական հարձակման, երբ է եղել, որ ներխուժեն Ադրբեջանի զորքերը Ջերմուկ, Սոթք»:
Նա ընդգծեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոսում էր բանակցությունները զրո կետից սկսելու մասին, բոլորովին այլ հանգամանքներ էր հաշվի առնում. «Հաշվի էր առնվում Ղարաբաղի ընդգրկումը բանակցային գործընթացում, որը բացթողում էր: ԱԳՆ-ն նույն, եթե ոչ ավելի ակտիվ կերպով շարունակում էր բանակցությունները նույն Մադրիդյան սկզբունքների շուրջ: Ի՞նչ փոփոխության մասին ենք խոսում: Իհարկե, առաջնայնությունները փոխվել են, Առաջնահերթ է դարձել ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը, օտար զորքերի դուրսբերումը, Հայաստնի տարածքային ամբողջականության ապահովումը»,-ասաց փոխնախարարը:
Նա հիշեցրեց, որ Մադրդյան սկզբունքներով Արցախի անկախ կարգավիճակի մասին խոսք չի եղել. «Նախատեսվում էր, որ հետագայում պետք է լինի հնարավորություն կազմակերպել հանրաքվե, թե ինչ ձեւաչափով, որեւէ նշում չկար, որը կարող էր պգայի մասին տալ լուծումներ: Նույնը խոսում ենք հիմա, մարդու իրավունքներ եւ անվտանգություն... եթե կա խնդիր, որը պետք է լուծվի, բա մի ձեւով պետք է լուծվի չէ՞ դա: Դա առանձին բանակցությունների առարկա է»:











