Մենք չունենք այդ ինֆորմացիան, թե ինչ են արձանագրել ԵՄ դիտորդները, նրանց աշխատանքը շարունկվում է, նրանք պարբերաբար իրենց զեկույցները պատրաստում են ԵՄ երկրների համար, ու մենք չենք կարող դիտորդներից ակնկալել մամուլի համար հայտարարություններ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը:

«Իմ տեղեկություններով նրանք իրենց աշխատանքը բավականին արդյունավետ են անում: Արդյունավետ է, քանի որ նախկինում մենք միջազգային ուշադրության պակաս ենք ունեցել։ Ադրբեջանը միշտ ասում էր, որ այս ամենը Հայաստանի կողմից հնարած, արհեստական բան է, միշտ հայերն են հրահրում, միշտ հայերն են մեղավոր»,– ընդգծեց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։