Թոռնիկս անհետ կորած է, բայց ես համոզված եմ, որ ինքը ողջ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի տատը:
Նշենք, որ Սարգիս Ղուկասյանը զոհված ու անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող ակտիվիստ Արսեն Ղուկասյանի եղբոր որդին է: Սարգիս Ղուկասյանի հայրը եւս զոհվել է 44-օօրյա պատերազմում:
«Ինքը երբ շրջափակման մեջ է ընկել Հադրութում, բոլոր զոհվածների մարմինները հետ են տվել, մինչեւ հիմա իմ թոռնիկից ոչ մի ԴՆԹ չկա: Ընկերոջն օգնելու ժամանակ թուրքերը հայտնաբերել են իրեն: Ընկերոջն սպանել են, ինքը ուզեցել է փախչի: Կամ վիրավորվել է, կամ փամփուշտներն է վերջացել, որ իրեն վերացնի: Ինքն էն տղեն չէր, որ հեշտ ու հանգիստ գերի ընկներ:
Հոկտեմբերի 10-ից տեղեկություն չունենք: Երեխես իր հորն էլ չտեսավ: Տղաս զոհվեց: Չթողեցին գնար իր երեխու մոտ, որ հերը տղուն պաշտպաներ: Տղաս Ջաբրայիլ էր գնացել թոռանս հետեւից: Բայց Ջաբրայիլից հետ չեկավ, էնտեղ զոհվեց: 2,5 ամիս հետո փակ դագաղով բերեցին, դրեցին դեմս: Թոռս առաջին օրից պտերազմի մեջ էր, մեզ խաբել, ասել էին՝ բունկերներում ապահով տեղ է: Տունս ավիրվեց, մի տանը երկու չափահաս տղամարդ էին, երկուսն էլ չկան: Մեկին հուղարկավորել եմ, մյուսի ճակատագիրը չգիտենք:
Թոռնիկս 11 օր էր Ջաբրայիլում, որ պատերազմն սկսվեց: Հետո իրենց Ջաբրայիլից բերել էին Հադրութ: Հադրութից մեզ հետ կապի մեջ էր, բայց տեղյակ չէր հոր զոհվելուց»,պատմեց տատը:
Նա նշեց, որ իշխանություններից որեւէ հույս չունի. «Ոչ մի բան էլ չեն արել: Ինձ ասել են, որ տղայիս գլուխն էլ են կտրել ադրբեջանցիները: Ինձ նման ծնողին ղեկավարությունը ինձ վախացնում էր, ասում էր՝ մյուս տղայիդ քրեական պատասխանատվության կենթարկեմ: Մենք ամեն տեղ դիմել ենք, Սիրանուշ Սահակյանին եմ դիմել, Կարմիր Խաչ եմ դիմել, ամեն տեղ դիմել ենք, բայց անկարող են օգնել: Ամեն րոպե մտածում ենք, թե մեր երեխին գերության մեջ ինչ փորձություններ է սպասվում: Հարսս էնտեղ կուչ եկած, նստած է, ամուսինը զոհված, երեխան՝ կորած»,-ասաց անհետ կորածի տատը:











