Արցախի «Ասպարեզ» պարային ստուդիայի սաները, որոնք Վրաստանի պարային մրցույթից հաղթանակով են վերադարձել, չեն կարողանում տուն վերադառնալ, քանի որ ադրբեջանցիները երեկվանից փակել են Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը։

Ստուդիայի տնօրեն Լարրի Ավանեսյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ խմբում 7 անչափահաս կա, Արցախի իշխանությունների օգնությամբ բոլորը տեղավորվել են Գորիսում։

«Ոչ ոք հստակ բան ասել չի կարող՝ ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ Արցախի իշխանությունները։ Գիտենք, որ մինչ օրվա երկրորդ կես ժամանակ են տվել ճանապարհը բացելու համար։ Բայց քանի որ տարբեր կարծիքներ ենք լսում, փորձում եմ այստեղ դպրոցների տնօրենների հետ կապ հաստատել, որ երեխաները դասերին մասնակցեն, կրթությունը կիսատ չմնա»,– ասաց Լարրի Ավանեսյանը։

Պարուսույցի խոսքով, Ադրբեջանն իր այս էժանագին սադրանքներով չի կարող վախեցնել արցախցիներին. «Արցախի հայաթափման առաջին փորձը չէ և վերջինն էլ չէ։ Ադրբեջանցիներն իրենց ձեռագիրը չեն փոխում։ Մեր պայքարի ձևն այն է, որ այնտեղ ապրենք և շարունակենք մեր գործունեությունը շարունակել»։

Խմբում է նաեւ 15–ամյա Մարիան, որի հայրն այս պահին ծառայության մեջ է, իսկ տատիկն էլ լուրջ առողջական խնդիրներ ունի եւ շտապ պետք է Երեւան տեղափոխվի. «Տատիկս ծանր վիճակում է և նրան պետք է շտապ վիրահատություն կատարեն, բայց Ադրբեջանի սադրանքների պատճառով անընդհատ հետաձգվում է։ Մեծ հույս ունեմ, որ մինչ օրվա երկրորդ կես կբացվի ճանապարհը և տատիկիս վիրահատությունը կկատարվի»։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ նախօրեին ժամը 10։30-ից կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին մնացած քաղաքացիները ստիպված գիշերել են Գորիսում։