ԱԺ խորհրդի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չեն քվերակել ընդդիմադիր խմբակցությունների բերած նախագծին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Շրջանառվել էր երկու նախագիծ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը եւ երկու ընդդիմադիր խմբակցություններինը։ Մենք առաջարկել էինք ընդդիմադիր խմբակցություններին գնալ մեկ նախագծի եւ ի նշան համերաշխության քննարկել մեկ նախագիծ, որպեսզի մեկ ուղերձ հղեինք միջազգային հանրությանը։ Մեր ընդդիմադիր գործընկերները չհամաձայնեցին, եւ մենք կողմ քվերակեցինք մեր նախագծին, որպեսզի դա ներկայացվի Ազգային ժողովում։ Իրենց հարցի քվերակությանը մենք չենք մասնակցել։ Մենք պատրաստ էինք նաեւ իրենց նախագծին միանալ, սակայն մենք այդ նախագծի վերաբերյալ ունեցել ենք դիտարկումներ, որոնք իրենց համար եղել են անընդունելի»,- նշեց Կոնջորյանը։

Ըստ Կոնջերյանի՝ Ազգային ժողովի ընդունվելիք հայտարարությունը պետք է իրենց գործիքակազմով համընկնի եւ սինխրոն լինի արտաքին գերատեսչության կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականության հետ։

«Այս պարագայում մենք ոչ թե կարգավիճակից ենք բխեցնում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը եւ իրավունքները, այլ անվտանգությունից եւ իրավունքներից ենք բխեցնում կարգավիճակը։ Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի լուծման լավագույն մեխանիզմը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունն է, եւ դրա համար մենք շարունակում ենք աշխատել, որ գտնենք միջազգային մեխանիզմներ ուղիղ երկխոսությունն իրականացնելու համար»,- ընդգծեց Հայկ Կոնջորյանը։