Արդյոք ճիշտ չէր լինի, որ մենք ուղղակի Ռուսաստանից պահանջենք կատարի իր պարտավորությունները։ Մարդիկ ստորագրել են, պարտավորություն ունեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանն ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ միջազգային գործընկերներին էլ պետք է ոչ թե կոչ անեն, այլ խնդրեն, որ մասնակցեն։
«Այն, որ Ռուսաստանը չի անում, հավանաբար մենք պետք է անենք։ Եթե ՌԴ-ն չի կարողանում, պետք է խնդրի մյուսներին, եթե չի ուզում, առավել ևս մենք… Լավ չեմ հասկանում։ Եթե ԱՄՆ դեսպանատունը Բաքվում կոչ է անում Ադրբեջանին այդ վայրագություններին վերջ տալ, ինձ հասկանալի չէ Բաքվում ՌԴ դեսպանության լռումը, լուռ կեցվածքը, և հասկանալի չէ Հայաստանում ՌԴ դեսպանի պահվածքը։ Թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում»,- ասաց պատգամավորը։
Հարցի հիմնական զեկուցող ՔՊ-ական Հայկ Կոնջոյանն ընթերցեց իրենց հայտարարության մի հատված, ըստ որի՝ «ՌԴ-ին կոչ է արվում իրականացնել անհրաժեշտ գործողություններ ապահովելու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում»։
ՔՊ-ական Արսեն Թորոսյանն առաջարկեց ՌԴ ուղղված իրենց խոսքի մասում «կոչ ենք» անում բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք»։
Նշենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
ՔՊ-ն առաջարկում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասով հայտարարություն ընդունել։
Ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։











