Ադրբեջանն այնքան խախտումներ է արել 2020-ից ի վեր, որ ավելի քան բավարար հիմքեր կան սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, ալիեւյան ռե-իմի հանդեպ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով անժամկետ նստացույց է սկսել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:
«Այդ գործուն քայլերը եւ սանկիցաներ կարող են լինել, եւ Արցախի բնակչության պաշտպանության ուղղությամբ միջազգային քայլեր կարող են լինել, եւ օդանավակայանը բացելու քայլեր կարող են լինել, բազմաթիվ այլ քայլեր, որոնք միջազգային կառույցները, այդ թվում ՄԱԿ-ում շատ լավ գիտեն: Իրենք չպետք է պաշտպանվեն տարբեր կեղծ փաստարկներով, կեղծ միջազգային իրավական նորմերի հետեւում, այլ հստակ գործողությունների պետք է գնան: Իմ ակնկալիքը սա է»,-ասաց նա:
Բեգլարյանը հավելեց, որ հայաստանյան հասարակությունից ակնկալում է, որ մարդիկ մոռանան ամենօրյա կենցաղի, կարիքների մասին. «Մեր 120 հազար հայրենակիցները, բացառիկ արժեք Արցախը լրջագույն բվտանգի առջեւ է, կարող է մի քանի օր հետո արդեն ուշ լինել»,-ասաց Բեգլարյանը:
Նա չցանկացավ գնահատականներ հնչեցնել ՀՀ իշխանությունների քայլերի մասին. «Ես իմ խորհուրդներն իրենց ներկայացրել եմ տարբեր ձեւաչափերով, բայց ՀՀ իշխանություններից ակնկալում եմ, որ բոլոր գործիքակազմերը պետք է կիրառեն, որովհետեւ ՀՀ-ն պատասխանատվություն ունի հայ ժողովրդի Արցախի հանդեպ:
Իսկ այժմ իմ պահանջների հասցեատերը միջազգային հանրությունն է՝ ի դեմս ՄԱԿ-ի կառույցների եւ ԱԽ 5 անդամների»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին պետք է վերացնել ադրբեջանական շրջափակումը, բայց նաև պետք է քայլեր ձեռնարկել երկարաժամկետ միջազգային երեշխիքներ ապահովելու ուղղությամբ:
Նա հիշեցեց, որ ՄԱԿ-ը միակ կառույցն է, որը մեխանիզմներ ունի կոնկրետ երկրների խաղաղապահ գործունեություն իրականացնելու, այդ սահմանները նշելու մանդատ տրամադրելու համար, տարբեր ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու հնարավորություն ունի։
2020 թ. պատերազմի ժամանակ Արցախի ՄԻՊ աշխատած Բեգլարյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ը պատերազմի ընթացքում որևէ կերպ չի միջամտել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացրած ռազմական հանցագործություններին. «Պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջամտությամբ, անցած երկու տարիներին ռուս խաղաղապահները լավ, թե վատ ապահովել են խաղաղություն, անվտանգություն, իհարկե, միջադեպեր տեղի են ունեցել։ Բայց հիմա ունենք իրավիճակ, երբ նույնիսկ ռուս խաղաղպահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնելու, ինչպես նաև անվտանգությունն ամբողջական ապահովելու։ Հետևաբար ՄԱԿ-ը՝ ի դեմս անվտանգության խորհրդի պետք է քննարկի հարցն ու միջազգային լրջագույն երաշխքիներ ապահովի մեր ժողովրդի համար, որպեսզի կարողանանք ապրել ու արարել մեր սեփական երկրում»,-ասաց նա։
«Արցախի շրջափակումը, գազի մատակարարման խափանումը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հստակ դրսևորում է, մի ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն է, որը տանում է Արցախի հայ բնակչության ոչնչացման ու էթնիկ զտման։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը պետք է անհապաղ արձագանքի, այլապես կարող է ուշ լինել»,-ասաց նա` ավելացնելով, որ հակառակ դեպքում արցախցիներն օգտագործելու են իրենց ողջ գործիքակազմն իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով։
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը Երևան էր եկել մի քանի օր առաջ՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին, որն անցկացվել է դեկտեմբերի 12-13-ը Երևանում։ Այժմ նա չի կարողանում վերադառնալ Արցախ, որտեղ իր ընտանիքն է։
Նշենք, որ ադրբեջանցիներն ավելի քան երկու օր փակ են պահում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ 270 երեխա չի կարողանում վերադառնալ տուն, նրանց մեծ մասն օթևանել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։











