Միջազգային հանրության հայտարարությունները միանշանակ են, միակողմանի են, հասցեական են եւ ուղղված են միայն Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի հատուկ Հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Այսինքն կոչերը, դատապարտումներն ուղղված են Ադրբեջանին առ այն, որ փակվել է Լաչինի միջանցքը, որ ԼՂ միակ ճանապարհն է, կյանքի ճանապարհն է, միակ հումանիտար ուղին է, որով սնուցվում է Ղարաբաղը, 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխաներ: Գազի անջատման հետ կապված արձագանքները եւս հասցեական են եւ ուղղված են Ադրբեջանի դեմ»,-ասաց նա:
Հարցին, թե Հայաստանն ինչ գործուն քայլեր կարող է անել իրավիճակը շտկելու համար, Մարուքյանը պատասխանեց. «Հայաստանն այս դեպքի առաջին րոպեներից սկսած աշխատանք է տանում մեր բոլոր գործընկերների հետ խնդիրը ներկայացնելու, Ադրբեջանի նկատմամբ ճնշում ձևավորելու առ այն, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները խախտվում են, և դրանք պետք է կատարվեն: Մասնավորապես, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի բնականոն և անվտանգ աշխատանքը: Այդ արձագանքները հենց այնպես չեն եղել. դրանք աշխատանքի արդյունք են: Գիտեք նաեւ, որ ԱԳ նախարարը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ-ում կազմակերպված միջոցառմանն է, որտեղ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, և իրավիճակը ներկայացվում է»:











