Ադրբեջանի պահանջներն անօրինական են, որովհետեւ Արցախը չի պատկանում Ադրբեջանին, եւ ոչ մի հանքավայր, որը գտնվում է Արցախի Հանրապետության օրինական ենթակայության ներքո, Ադրբեջանը չի կարող յուրացնել: Այս մասին NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդման հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
«Ադրբեջանն իր գործողությունների դիմաց դեռեւս ստանում է զիջումներ: Չնայած հայաստանյան եւ արցախյան հասարակությունների ընդդիմությանը՝ մեր իշխանությունը գնացել են զիջումների, որոնք Ադրբեջանին տեղիք են տվել մտածելու, որ կարող են հասնել իրենց վերջնանպատակներին: Ադրբեջանի պահանջներն անօրինական են, որովհետեւ Արցախը չի պատկանում Ադրբեջանին, եւ ոչ մի հանքավայր, որը գտնվում է Արցախի Հանրապետության օրինական ենթակայության ներքո, Ադրբեջանը չի կարող յուրացնել: Իրենք իրենց ինքնությունը փորձում են կառուցել ուրիշինը սեփականի անվան տակ ներկայացնելու միջոցով: Շատ դեպքերում դա նրանց ստացվել է, որոշակի դեպքերում հայկական կողմի ինքնագոհության հետեւանքով, որ մտածում են, թե աշխարհը գիտի, որ դա մերն է: Աշխարհը շատ զբաղված է իր խնդիրներով, եւ այսօրվա քաղաքականությունը թելադրում է, որ դու աշխարհին պետք է հիշեցնես, որ դա քոնն է»,- նշեց Աղաջանյանը:
Ըստ Աղաջանյանի՝ Ադրբեջանը կարող է փորձել պայմաններ թելադրել, եւ խնդիր է առաջանալու, թե մենք դրանց որքանով ենք տեղիք տալու:
«Եթե Լաչինի միջանցքի խնդիրը փաստագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ապա նրանց հավակնությունները որեւէ այլ միջանցքի կամ միջանցքի վրա մաքսային կետերի կամ արտադրական միջոցների կիրառման անօրինական է: Նրանք մի հանձնառություն ունեն՝ ապահովել անխափան եւ անվտանգ տեղափոխությունն այդ միջանցքով: Եվ իրենց կեղծ բնապահպանների գործունեությունը նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտումն է»,- ասաց Ձյունիկ Աղաջանյանը:
Աղաջանյանի խոսքով՝ գազամատակարման անջատումը փաստացի ահաբեկչական գործողություն էր Արցախի բնակչության հանդեպ, որը մի քանի նպատակ էր հետապնդում:
«Իրենք ցանկանում էին պարտադրել սեփական իրավասությունն Արցախի եւ ռուս խաղաղապահների նկատմամբ, սադրելու ռուս խաղաղապահների որոշ քայլերի, որը կարող էր դառնալ ռազմական միջամտության առիթ եւ առաջացներ անաչառության խնդիր, ինչը կարող էր ստիպել նրանց հեռանալ: Սա բազամաշերտ կոմբինացիա էր: Մի կողմից իրենք թեզ են տանում, որ Արցախի բնակչությունն իրենց բնակչությունն է, մյուս կողմից էլ բնաջնջման քաղաքականություն են առաջ տանում»,- ընդգծեց Աղաջանյանը:
Ձյունիկ Աղաջանյանի խոսքով՝ շարունակական զիջումները մեզ ավելի վատ կետի հասցնելու՝ մինչդեռ մենք պետք է փորձենք օգտվել միջազգային բոլոր գործիքակազմերից:
«Մենք ունենք հնարավորություններ մեզ զենքով ապահովելու, մեր ռազմական հնարավորությունները նորից հզորացնելու, կազմակերպել մեր պաշտպանությունը եւ ներքին, եւ արտաքին դաշտում: Մենք ունենք միջազգային հստակ գործիքակազմ: Միայն ՄԻԵԴ դիմելն իր արդյունքը տվեց, բայց չէ որ այլ գործիքակազմ եւս կա: Մենք դա հստակ օգտագործելու փոխարեն, մեր հասարակությանը ներարկում ենք, որ մենք անզոր ենք, պետք է հանձնվենք: Մենք կարո՞ղ էիք որպես սպառնալիք օգտագործել Ադրբեջանի մեր օդային տարածքով թռչելու իրավունքից զրկելը: Մենք նույնը կարող էինք անել նաեւ Թուրքիայի նկատմամբ: Չէ որ սա էլ է գործիք»,- նկատեց Աղաջանյանը:











