Արեւմուտքը փորձում է մեր տարածաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժեղացմամբ կազմաքանդել Ռուսաստանին ու Իրանին, որպեսզի տիրապետի Կենտրոնական Ասիայից Եվրոպա էներգառեսուրսների արտահանման ուղիներին։ Այս մասին NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդման հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
«Թուրքիան Արեւմուտքի համար միշտ նիզակի դեր է ունեցել եւ դրա համար իրենք պատրաստ են իրենց աչքերն ու ականջները փակել բոլոր խնդիրների առջեւ, որոնք առաջացնում է Թուրքիան: Արեւմուտքն ունի գործիքակազմը նրան զսպելու, սակայն ցանկությունը չունի: Նրանք դա բացահայտ ասել չեն կարող, դրա համար այդ ամենը ներկայացվում է խաղաղության օրակարգի ներքո: Այստեղ խաղաղություն չկա, նման պայմաններում խաղաղություն լինել չի կարող: Եթե իրոք խաղաղություն են ուզում, ապա դրա մասին պետք է խոսեն մինչեւ պատերազմը եւ փորձեն դա իրականացնել առանց հայ մարդուն նսեմացնելու: Արեւմուտքը չկանխեց պատերազմը, չզսպեց դրանում Թուրքիայի ներգրավվածությունը, ավելի ես վստահ եմ, որ իրենք հստակ քայլերով ուղղորդումներ են անում»,- նշեց նա:
Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ այն պետությունները, որոնք խնդիր ունեն թուրքական գործոնի ուժեղացման հետ, թույլ չեն տալու այդ ծրագրին իրականություն դառնալ:
«Մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, աշխարհի վերաձեւման շրջանում եւ մեր իշխանությունների ոչ հեռահար եւ հաճախ միտումնավոր գործողությունների հետեւանքով մենք հայտնվել ենք ոտատակ լինելու վտանգի առջեւ: Ես կարծում եմ, որ որոշակի կենտրոններից, որոշակի հովերով մեզ արվել են խոստումներ, որոնք մեզ հասցրել են այս վիճակին: Ես խիստ կասկածում եմ, որ այս նպատակը հաջողության է հասնելու, սակայն լինելու է շատ ծանր գին, շատ պետությունների ռազմական, ֆինանսական, մարդկային կորուստներով, որպեսզի աշխարհի վերաձեւումն այս երկրների վրա հնարավորինս քիչ ցավալի ազդեցություն ունենա: Եթե Ադրբեջանը տեղի տա արեւմտյան ծրագրերին, չի բացառվում, որ պատերազմը, որն իրենք ցանկանում են տեսնել Իրանում, լինի Ադրբեջանում: Այստեղ խնդիր է, թե ինչ դեր է կատարելու Հայաստանը եւ ինչ հանձնառություններ ունի: Վերլուծությունները շատ են, որոնք անհանգստությունների առիթ են տալիս: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չդառնանք այն կետը, որտեղից այս գործողությունները կարող են սկսվել: Հարց է առաջանում, թե ինչու են հակառուսական քայլեր են արվում այն ժամանակ, երբ սրացումներ են նկատվում եւ մեր տարածաշրջանում, եւ ուկրաինական ճակատում: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում: Նպատակը չէ՞ արդյոք ռուսական գործոնն այստեղից հեռացնելու համար՝ ճանապարհ հարթելով թուրքական անխափան մատակարարումների եւ գործողությունների համար»,- ընդգծեց Աղաջանյանը:











