Ադրբեջանը չի գնալու Արցախի հետ բանակցությունների, որովհետեւ դա կնշանակի, որ ինքն ընդունում է Արցախի իշխանության իրավասությունը: Այս մասին NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդման հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Ադրբեջանն անգամ չի բարեհաճում Լեռնային Ղարաբաղ բառն օգտագործել, փոխարենն ասում է ռուս խաղաղապահների տեղակայման՝ այսպիսով փորձելով խոսույթից ջնջել Արցախի հետ առնչվող որեւէ բան: Եվ այս պարագայում մտածել, որ իրենք կհամաձայնեն հավասարը հավասարի վրա բանակցել Արցախի իշխանությունների աբսուրդ է: Սա ուղղակի խոսույթ է, որն իշխանությունն օգտագործում է հանրության մեջ հանգստություն պահպանելու, վտանգի չափը մեղմելու նպատակով: Ադրբեջանը չի գնալու դրան, որովհետեւ դա կնշանակի, որ ինքն ընդունում է Արցախի իշխանության իրավասությունը»,- նշեց Աղաջանյանը:

Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի մասին եղած քննարկումներում որեւէ կերպ չկա հայկական խնդիրների լուծում:

«Տեսնում եմ միայն ինչ-որ շրջանակային փաստաթղթի միջոցով որոշ դրույթների ամրապնդում, Արցախից ձեռքերը լվանալ, որը ճանապարհ կհարթի ռուսական խաղաղապահների եւ ռուսական ռազմաբազայի հեռացման եւ հայ-թուրքական հետագա փաստաթղթերի ստորագրման: Սա կավելացնի մեր գոյատեւման վրա վտանգը եւ որպես ժողովուրդ, եւ որպես պետություն: Ադրբեջանը, երբ հասնում է մի բանի, միշտ ավելին է պահանջել: Այս դեպքում էլ նույն իրավիճակն է: Որեւէ քայլ, որը կստիպի մտածել, որ իրենք ուզում են բարիդրացիական հարաբերություններ հաստատել, չկա: Այս պարագայում ի՞նչ խաղաղության մասին խոսք կարող է լինել; Իսկ շտապողականության խնդիր, այո, կա, որովհետեւ տարածաշրջանն է փոխվում, մեր հանրության համբերությանն է սպառվում եւ իրենք հասկանում են, թե ինչ է կատարվում, եւ այս պարագայում նրանց համար երանավետ վիճակն աստիճանաբար ավարտվում է: Խաղաղության պայմանագիր չի լինելու, լինելու է փաստաթուղթ ինչ-որ բանի վրա, մեր ստորացումը եւ նսեմացում»,- ընդգծեց Աղաջանյանը:

Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ներկայացվի ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տրամադրելու հարցը, որոշումը ցույց կտա Արեւմուտքի իրական նպատակը:

«Եթե Արեւմուտքն իրոք ցանկանում է տարածաշրջանում միջավայր ստեղծել, որտեղ կքննարկվի հարաբերությունների կարգավորման հարցը, ուրեմն կգան համաձայնության, իսկ եթե չգնան կնշանակի, որ իրենք խոսքային մակարդակում եմ ասում են մեկ բան, սակայն անում են այլ բան: Մենք դիվանագիտորեն կարող ենք օգտվել իրենց արած հայտարարություններից, եւ ասել, որ եթե այս հայտարարություններ են ձեր մոտեցումները, ուրեմն՝ արձանագրեք, որպեսզի արցախահայությանը հերթական ցեղասպանաության վտանգի առջեւ չկանգնեցնենք»,- ընդգծեց Աղաջանյանը: