ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, բժիշկների կազմակերպած բողոքի ակցիան ավարտվեց: Նրանք միջազգային կառույցներից պահանջել են հիվանդների համար ապահովել ազատ տեղաշարժման համամարդկային իրավունքի եւ դեղերի հասանելիությունը։
«Եթե արցախցին այսօր ստեղծված անմարդկային պայմանների հետեւանքով լքի Արցախը, վաղն այդ նույն պայմանները ստեղծվելու են Հայաստանի համար: Հայերը հազարամյակներով ապրել են այդ տարածքում, բազմաթիվ թշնամիներ եկել եւ անցել են, բայց ոչ մեկին չի հաջողվել մեզ կոտրել: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց թույլ չենք տա, որ մեր հայրենակիցներին նսեմացնեն աշխարհի լռության ներքո: Մենք պատրաստ ենք մեր մասնագիտական պարտքը կատարելու համար գնալ Արցախ: Եթե միջազգային հանրություն տրամադրի սանավիացիա, մեր շատ գործընկերներ պատրաստ են հենց այս գիշեր էլ մեկնել Արցախ եւ օգնել ծանր հիվանդներին: Մենք ուղերձ ենք հղում մեր արցախցիներին, որ երբեք չընկճվեն, մենք պատրաստ ենք հայտնվել շրջափակման մեջ»,- նշեցին նրանք:











