Ես բացառում եմ, որ առանց ադրբեջանցիների պահանջները բավարարելու Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Կամ ադրբեջանցիները պետք է փորձեն իրենց գոնե նվազագույն ծրագրերից ինչ-որ մի բան ստանալ, կամ առնվազն պետք է ստանան խոստում, որ հայկական կողմն այդ պահանջները այս կամ այն ժամկետում կկատարի: Քաղաքականության մեջ, առավել եւս, որ ուժն ու նախաձեռնությունն իրենց ձեռքն է, իրենք չեն հրաժարվի իրենց պահանջներից: Սա հաստատապես երկար ժամանակ պլանավորված, ծրագրված, դերաբաշխված հատուկ օպերացիա է Ադրբեջանի կողմից եւ իրականացվում է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Իրենք բաց տեքստով իրենց նպատակներն ասում են՝ նախ, հայկական կողմից պոկել այն, ինչն իրենք անվանում են «Զանգեզուրի միջանցք», երկրորդը, պոկել խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի հարցը կմատուցվի որպես Ադրբեջանի ներքին հարց, եւ նվազագույն ծրագիրը՝ Լաչինի միջանցքի վերահսկողություն եւ հանքի վերահսկողություն»,-ասաց Կիվիրյանը:
Նա նկատեց, որ հիմա փաստացի, ադրբեջանցիները փակ պահելով Լաչինի միջանցքը եւ առանձին դեպքերի համար բացելով, իրականացնում են այդ միջանցքը վերահսկելու գործառույթ. «Ինչ վերաբերում է հանքերին, այստեղ նպատակը Արցախի ներքին հարցերի մեջ մտնելն է: Ադրբեջանն ասում է՝ սա իմ տարածքն է, ես իրավունք ունեմ մտնել, ստուգել: Հիմա նրանք պետք է կամ փորձեն կյանքի կոչել իրենց նվազագույն ծրագիրը, կամ ստանան ծանրակշիռ խոստումներ հայկական կողմից, կամ ռուսական կողմի միջնորդությամբ երաշխավորված, թե հայկական կողմն ինչ ժամկետներում է դրանք իրականացնելու»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:
Նրա ներկայացմամբ, ըստ ռուսական կողմի տարածած հայտարարության, իրենք սպասում են, որ հայկական կողմը իր կարծիքն արտահայտի. «Այս պահանջների կատարումը կբերի նրան, որ ոչ միայն ադրբեջանցիները հետ չեն կանգնի հաջորդ պահանջներից, այլեւ արդեն ուժեղացած դիրքերից կսկսեն մնացած իրենց պահանջները: Երբ Ադրբեջանը ստանում է մեզնից ինչ-որ մի բան, ինքը ոչ թե կանգնում է, այլ շարունակում է առաջ տանել մնացած պահանջները: Հիմա զիջել սա նշանակում է ճանապարհ բացել մնացած պահանջների համար»:
Հարցին, թե ինչու հենց հիմա Ադրբեջանը գնաց այս քայլին, Կիվիրյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է ռուսական կողմի դիրքերի թուլացմամբ, Ադրբեջանը վստահ է, որ ինքը հակահարված ռուսների կողմից չի ստանա:
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, Կիվիրյանն ասաց. «Գործող իշխանությունները 4 տարվա ընթացքում միշտ փորձել են մեղավորներ գտնել, կամ նախկիններն են մեղավոր, կամ ռուսները, կամ նախկինները նախկինում Լաչինը ծախել են ռուսներին: Բայց իրականությունն այն է, որ իրենք երկիրը հասցրել են այն իրավիճակին, որ Ադրբեջանը Հայաստանին անգամ որպես սուբյեկտ չի ընկալում: 100 հազար ՀՀ քաղաքացի արգելափակվել է եւ դու որպես պետություն ոչինչ չես նախաձեռնում այս ուղղությամբ»:











