Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 2018-ին Հայաստանում իշխանության են եկել արեւմտյան թեւի ներկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Դրա համար եւ ռուսական եւ իրանական կողմի մոտ, որոնք խաղում են ընդդեմ Արեւմուտքի, կա այն վստահությունը, որ այստեղ եկել են մարդիկ, որոնց նպատակն է ամեն գնով Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի եւ Իրանի դեմ: Դրա համար այս իշխանություններն իրականացնում են ինչ-ինչ թակարդներ, որոնք չեն բխում հայկական շահերից, սակայն լիովին տեղավորվում են արեւմտյան ցանկությունների մեջ՝ ընդդեմ Իրանի եւ ընդդեմ Ռուսաստանի: Գլոբալ առումով Մոսկվայի եւ Թեհրանի որոշակի քայլերի սպասողականությունը կապված է նաեւ դրա հետ: Նրանք ուզում են համոզվել, թե արդյոք ՀՀ իշխանությունների այս կամ այն քայլը Բաքվի հետ համաձայնեցված թակարդ չէ: Արդյոք Հայաստանի իշխանությունները Բաքվի հետ համատեղ չեն սարքում մի իրավիճակ, որ վերջում կուժն ու կուլան ջարդվի Մոսկվայի կամ Թեհրանի վրա: Իսկ դա արվում է արեւմտյան հատուկ ծառայությունների պատվերով»,-ասաց նա:
Կիվիրյանը նկատեց, որ շատ հետաքրքիր զարգացումներ եղան վերջին օրերին, երբ Հայաստանի ԱԽ քարտուղարը այցելեց Լոնդոն, հանդիպեց այնտեղ հատուկ ծառայության ղեկավարի հետ, եւ դրանից հետո այդ ղեկավարն այցելեց Հայաստան ու հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ. «Նման հանդիպում տեղի է ունենում այն ժամանակ, երբ դու այնտեղ իրենց փոխանցում ես ինչ-որ բան, կամ նրանք են քեզ փոխանցում ինչ-որ բան, հետո գալիս են, որ համաձայնեցնենայդ արդյունքները»,-ասաց նա:











