Ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց «էկոակտիվիստների» միջոցով փակել են ճանապարհը եւ կոչեր են հնչել շարժվել դեպի Ստեփանակերտ. Իսկ ռուս խաղաղապահները ավտոմեքենաներով փակել են հնարավոր այն ճանապարհը, որտեղով կարող էին շարժվել ադրբեջանցի «էկոակտիվիստները»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով պնդումներին, թե ռուս խաղաղապահներն են փակել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը:
Նա կոչ արեց քիչ հանրայնացնել նման հայտարարություն անող գործիչների խոսքը, որովհետեւ դա բխում է Ադրբեջանի քարոզչությունից, ադրբեջանական քաղաքականությունից եւ մեզ որեւէ լավ տեղ չի տանում:
Հարցին, թե ինչ կարելի է սպասել ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի հարցի քննարկումից, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես այնտեղի քննարկումները եւ հնարավոր բանաձեւերը դիտարկում եմ որպես Ադրբեջանի նկատմամբ հնարավոր ճնշումների տրամաբանության ներքո: Սակայն դրանք առավել արդյունավետ եւ հասցեական կլինեն, եթե այդ կոչերն ու հորդորները պատժամիջոցների վերածվեն: Նույնը վերաբերում է ՄԻԵԴ Հայաստանի ներկայացրած հայցերին»:
Նա հավելեց, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ճանապարհը իրենց պետությունը չի փակել, այլ իր քաղաքացիներն են, որոնք ակցիա են իրականացնում. «Սրանով Ադրբեջանն ապահավոգրում է իր դեմ հնարավոր որոշումներից, քանի որ որոշումները իջեցվում են պետությունների վրա: Բայց կա մեկ այլ բան, որը հայտնի է նաեւ միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում որեւէ բողոքի ակցիա չէր կարող լինել»:
Պատգամավորը նշեց, որ այս պահին Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը Արցախի հանքարդյունաբերական ընկերությունների փակումն է. «Այդ ընկերությունները պետական բյուջեում ունեն մեծ մասնակցություն, դրանք մի քանի հազար աշխատատեղեր են և Արցախի հայաթափման գործում Արդրբեջանը կարևորում է այդ ընկերությունների փակումը»,- ընդգծեց Աբրահամյանը։











