Այս պահին ես ռեալ եմ գնահատում իրավիճակը եւ տեսնում եմ, որ ռեալ չէ այս պահին իշխանությունից ինչ-որ բան պահանջել: Այս մասին այսօր դեկտեմբերի 20-ին, «Հանուն Արցախի» քայլերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը:
«Շատ տարօրինակ է, երբ որ իմ երկրում ես պետք է իմ ղեկավարությունից պահանջեմ, որ իրենք գործեն ի շահ իմ երկրի: Ես չեմ ուզում տանել քաղաքական դաշտ, այս պահի դրությամբ ես միացել եմ այստեղ ակցիային, որովհետեւ անհանգիստ եմ, ին ընտանիքն է այնտեղ` թատրոնի ժողովուրդը»,- ասաց նա:
Վահան Խաչատրյանի խոսքով` այս պահին Արցախի անվտանգությունը ռուս խաղաղապահներն են ապահովում, սակայն տարիներ շարունակ ՊԲ-ն է պաշտպանել Արցախի անվտանգությունը:
«Ես երբեք հույսս չեմ դրել իշխանավորների վրա, ո΄չ այսօր, ո΄չ երեկ, ո΄չ էլ վաղն եմ դնելու: Իմ հանրության վրա եմ հույսս դրել, որի սակավաթիվ լինելն ինձ զարմացնում է: Սա եւս մեկ քայլ է, որ արթնացնենք մեր հանրությանը, մեր հանրությունը թմբիրի մեջ է»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:











