Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դադարեցնում է մեկ շաբաթից ավելի տեւած նստացույցը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ: Այս մասին նա հայտնեց ֆեյսբուքյան լայվի միջոցով:

«Որոշում է կայացվել այս ձեւաչափը փոխարինել մեկ այլ ձեւաչափով` ամեն երեկո ժամը 19:00-ից մի քանի ժամ շարունակ այստեղ կհավաքվենք մտքերի փոխանակում կիրականացնենք, նորություններով կկսիվենք եւ կպլանավորենք հաջորդ օրվա անելիքները, իսկ օրվա ընթացքում մեր աշխատանքային պարտականությունները կիրականացնենք: Դրան զուգահեռ մենք հորդորում ենք բոլոր նախաձեռնող խմբերին եւ անձանց չդադարեցնել բողոքի ակցիաները, գտնել ոչ ստանդարտ լուծումներ եւ հնարավորինս ակտիվորեն ձեր ձայնը բարձրացնել: Հաշվի առնելով, որ ամսի 24-ից դեսպանատների անձնակազմերը գտնվելու են արձակուրդում, նաեւ դժվարանում է պայքարի այս ձեւերը իրենց արդյունավետության տեսանկյունից»,-ասաց նա` արցախցիներին հորդորելով ամուր, համբերատար լինել եւ պատրաստվել երկարատեւ պայքարի:

Բեգլարյանը նաեւ անդրադարձավ վերջին օրերի քննադատություններին` ուղղված առ այն, թե ինչու են ակցիաներ եւ նստացույց իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ,այլ ոչ թե ՌԴ դեսպանատան կամ ՀՀ կառավարության դիմաց:

«Առաջին օրվանից քննադատություն է եղել իմ անձի եւ իմ քայլի հանդեպ, նաեւ քննադատությունը ուղղված էր նրան, թե ինչու այս ակցիան տեղի է ունենում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ եւ ոչ ՌԴ դեսպանատան առջեւ: Երկրորդ քննադատությունն ուղղված է  ՀՀ կառավարության մասով, թե ինչու ակցիան չենք իրականացնում ՀՀ կառավարության առջեւ: Առաջին հարցին պատասխանեմ, որ հարցը հիմնականում այն ուժերի կողմից է հնչում, որոնք անկեղծորեն հավատում են, կամ նաեւ արհեստականորեն նպատակ ունեն ամբողջությամբ պատասխանատվությունը դնեն Ռուսաստանի վրա, այնինչ մեր նպատակն է ընդգծել, որ, այո, Ռուսաստանը գլխավոր պատասխանատուներից է, քանի որ խաղաղապահ առաքելությունն այնտեղ է գտնվում, սակայն ՌԴ-ն միակ պատասխանատուն չէ: ՌԴ-ն բացի խաղաղապահ առաքելության գոտու հարցը քննարկելուց, նաեւ միջազգային հանրության լիիրավ անդամ է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է եւ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ ելնելով այս կարգավիճակներից ՌԴ-ն ունի հստակ պարտավորություններ, ինչպես մնացած երկրները: Այդ պատճառով մենք ընտրեցինք ՄԱԿ-ը որպես բոլոր երկրներին ներկայացնող կառույց եւ որպես հիմնական կոլեկտիվ դերակատար, որտեղ կարող են այնպիսի որոշումներ կայացնել, որոնք ենթակա են հարկադիր կատարման: Երկրորդ քննադատությունը ՀՀ կառավարության մասով, ես կուզեի ասել, որ այո, ՀՀ կառավարությունը հիմնական պատասխանատուներից մեկն է, սակայն ՀՀ կառավարության առջեւ բողոքի ակցաիները նույնպես կարող էին միակողմանի լինել, միայն ՀՀ կառավարության հարց չէ սա եւ 2-րդը ես ունեմ պաշտոնական էթիկայի եւ մեր օրենսդրության հարցեր, որն ինձ կաշկանդում է, նաեւ այդ պատճառով ես կարծում եմ, որ իմ կողմից պաշտոնական էթիկայի խախտում կլինի նմանատիպ ակցիաների իրականացումը: Եթե ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ է նման ակցիաների իրականացումը, ապա ես պետք է աշխատանքից դուրս գամ, հետո նոր ազատ լինեմ իմ քաղաքական գործունեության մեջ»,-ասաց նա:

Հիշեցնենք, արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։