Ռուս խաղաղապահների մասին հայտարարությունները բնական եմ համարում, քանի որ այն տարածքը, որը փակ է, ինչի արդյունքում մեր հայրենակիցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել, գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա պարզաբանեց, որ ոչ ոք գոհ չէ ստեղծված իրավիճակից, իշխանությունը դատապարտում է եւ որոշակի քայլեր է ձեռնարկում, ինչի արդյունքում, ինչպես նաեւ միջազգային ճնշման արդյունքում Արցախում գազամատակարարումը վերականգնվել է: 

Սանոսյանը հավելեց, որ տարբեր աշխատանքներ են տարվում, որոնք վերաբերում են ԱԳՆ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ այլ կառույցների գործընկերներին:

Հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունը չի շտապել Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի մասին խոսելու հարցում, նախարարը պատասխանեց․ «Ի՞նչ օրակարգ եք դուք առաջարկում։ Ո՞վ է այլ օրակարգ առաջարկել։ Մենք շարունակում ենք պնդել, որ մեր տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի»։

Նա վստահեցրեց, որ պետությունը կապի մեջ է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Հայաստանում հայտնված արցախցիների  հետ, այդ քաղաքացիներին նաեւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի բանակը լուրջ դիմադրություն է ցուցաբերել երկրի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ՝ անկախ մարդկային եւ տարածքային կորուստներից։