Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքում հնարավորինս արագ տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու եւ տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները լուծելու օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները։

«Մենք դիտարկել ենք Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, որն այժմ առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք հաստատել ենք, որ ռուս խաղաղապահները բառացիորեն ամեն ժամ աշխատում են համապատասխան կողմերի հետ՝ իրավիճակի կարգավորելու համար։ Մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի տրանսպորտային հաղորդակցությունը եւ լուծվեն տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները։ Թեման հին է, որն եկել է Խորհրդային Միությունից, եւ, իհարկե, պետք է հնարավորինս արագ լուծել հարցը։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլորը պետք է խստորեն կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ռեժիմի հետ։ Մեր ադրբեջանցի գործընկերները, ինչպես ես եմ հասկանում, նույն դիրքորոշումն ունեն»,-ասել է Լավրովը։