Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության իրականացումը ձգձգելու պատճառ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։
«Ինչպես ասացի, մենք նախատեսում էինք հանդիպել երեքով։ Նախատեսվում էր քննարկում իմ երկու գործընկերների (Հայաստանի եւ Ադրբեջանի-խմբ.) միջեւ խաղաղության պայմանագրի խնդրի շուրջ։ Մենք պատրաստ էինք աջակցել այդ բանավեճին։ Այնուամենայնիվ, այսօր մենք անդրադարձանք խաղաղության պայմանագրի թեմային։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար։ Ինչ-որ փուլում թվում էր, թե ի սկզբանե ադրբեջանական առաջարկները, որոնք դրական են ընդունվել հայկական կողմից, թույլ կտան հիմք ստեղծել արդեն համապատասխան իրավական փաստաթղթի մշակման համար, իսկ բանակցային գործընթացին Ռուսաստանի աջակցության անհրաժեշտությունը ճանաչվում է մեր բարեկամների կողմից։ Ավելին, այդ անհրաժեշտությունն ամրագրված է այս տարվա հոկտեմբերի 31-ին Սոչիում երեք երկրների ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով ընդունված եռակողմ հայտարարության մեջ։
Ռուսաստանը շահագրգիռ է այս տարածաշրջանում հաստատելու ամուր, արդար խաղաղություն եւ հուսալիորեն բացառելու հակամարտությունների՝ անցյալի դրսեւորումներով որեւէ կրկնություն։ Մենք վերլուծել ենք մեր առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Այդ փաստաթղթերը կազմում են մեր համատեղ աշխատանքի հիմքը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հուսով ենք՝ մոտ ժամանակներս երեք երկրների փոխվարչապետները, որոնք հանդիսանում են համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան ձեռնամուխ լինել կոնկրետ պայմանավորվածությունների մշակմանը։ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով սկզբունքային որոշումը քննարկվել է, դրանք հավանության են արժանացել ՀՀ վարչապետի կողմից։ Այժմ ոչ մի պատճառ չկա, որպեսզի հետագայում եւս ձգձգվի այդ պայմանավորվածությունների գործնական իրականացումը։
Մտքեր փոխանակեցինք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցի շուրջ։ Մենք համակարծիք ենք, որ օպտիմալ լուծումը կլինի սահմանազատման գործնական աշխատանքի շուտափույթ մեկնարկը։ Դրա համար ձեւավորվել է հայ-ադրբեջանական համապատասխան երկկողմ հանձնաժողով։ Կողմերը համաձայնել են, որ այն կաշխատի ռուսական խորհրդատվական աջակցությամբ։ Եվ, իհարկե, կարեւոր է զերծ մնալ ուժի կիրառման որեւէ կրկնությունից, եւ բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Պայմանավորվել ենք աջակցել հասարակական կարծիքի առաջնորդների, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների միջեւ շփումներին՝ նրանց ռուս գործընկերների մասնակցությամբ։ Սա կարեւոր տարր է, որը թույլ է տալիս ձեւավորել ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտ եւ ստեղծում է անհրաժեշտ պայմաններ, որպեսզի ավելի հեշտ եւ արդյունավետ լուծվեն նաեւ միջպետական բնույթի հարցերը»,-նշել է Լավրովը։











