Նախարարների մակարդակով 3+3 ձևաչափով հանդիպում է նախապատրաստվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով։

«Եվս մեկ թեմա վերաբերում է Հարավային Կովկասի խնդիրներին. Ժամանակին, գրեթե երկու տարի առաջ, Ադրբեջանի նախագահը նախաձեռնեց ձևավորել մի գործընթաց, որին կմասնակցեն Հարավային Կովկասի երեք երկրները և նրանց հարևանները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը։ Այսպես կոչված «3+3» խումբ: Այս ձևաչափով հանդիպում կայացել է, որին թեև վրացի գործընկերները չեն մասնակցել, բայց նրանց համար դուռը միշտ բաց է։ Սա այս ձևաչափի մյուս բոլոր մասնակիցների ընդհանուր կարծիքն է։ Եվ այսօր մենք հանդիպում ենք նախապատրաստում արդեն նախարարների մակարդակով։ Նման շփման նպատակահարմարության ըմբռնում կա։ Մենք պայմանավորվում ենք ժամկետների և կոնկրետ վայրերի մասին, որտեղ կարող է նման հանդիպումը կայանալ: Հուսով եմ, որ այս կազմակերպչական հարցերի շուրջ համաձայնության հասնելը շատ երկար չի տևի»,- ասել Լավրովը:

Նա այսօրվա հանդիպումը շատ օգտակար է որակել. «Մենք ընդհանուր ըմբռնում ունենք եւ օրակարգից չենք հանում մեր հայ գործընկերոջ մասնակցությամբ եռակողմ շփումը։ Մենք հաստատեցինք Մոսկվայում մեր գործընկերներին ընդունելու մեր պատրաստակամությունը։ Խաղաղության պայմանագրի թեման մշտական ​​ուշադրություն է պահանջում, և որքան հաճախ մենք օգնենք առաջ տանել բանակցային գործընթացը, այնքան շուտ կլուծվեն այն հարցերը, որոնք այժմ անհանգստություն են առաջացնում»,- ասել է նա։