Տեղեկատվությունն այնքան հակասական ու կցկտուր է, որ դժվար է դիրքորոշում հայտնելը. Պետք է նկատի ունենալ, որ առաջիկայում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն է եւ չգիտեմ՝ անակնկալներ կարող են լինել, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանի ԱԳ նախարարը չի ցանկացել մասնակցել Մոսկվայում Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ նախարաների հետ սպասվող եռակողմ հանդիպմանը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված:
«Հայկական կողմը պետք է բոլոր լծակներն օգտագործեր, բոլոր միջոցները կիրառել օր առաջ այս հարցը վերջացնելու համար: Ցավոք սրտի, այս 12 օրերին շատ հաճախ նկատում ենք, որ նույնիսկ Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունների, այցելությունների փոխարեն իշխանությունը գեներացնում է հակառուսական տրամադրություններ, որը տեղափոխել են նաեւ ԱԺ բարձր ամբիոն: Իշխանական պատգամավորների հակառուսական ելույթների շքահանդես են կազմակերպել: Հիմա շատ ավելի կարեւոր է գործնականացնել իրենց հիշատակած նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ այն պարտավորությունները, որ կան, ոչ թե հասարակությանը ուղղակի մոլորեցնել, կերակրել կեղծ հայտարարություններով ու կոչերով»,-ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով, Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպմանը, բնականաբար, Լաչինի միջանցքի բացման հարցը քննարկվելու է, որովհետեւ սա նաեւ ռուսական կողմի պատասխանատվության, նաեւ հեղինակության հարց է:
«ՀՀ իշխանությունը շարունակում է վարել հակասական քաղաքականությունը: Տպավորություն է, որ գործ անելու փոխարեն իշխանությունը զբաղված է հանրությանը մոլորեցնելով, հանրության դժգոհությունների սլաքն ուղղելու դեպի Ռուսաստան, դեպի խաղաղապահներ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:











