Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող ճանապարհն արգելափակած ադրբեջանցիների կեղծ բնապահպան լինելը ապացուցելու եւ նրանց պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը եւ մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտից երթով շարժվել են դեպի Շուշի:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտ- Շուշի տանող ճանապարհին ռուս խաղաղապահ զորակազմի առաջին անցակետում նրանց չեն թույլատրել առաջ շարժվել՝ պատճառաբանելով, որ ներկայում բանակցությունները շարունակվում են ճանապարհը բացելու համար, իսկ նման նախաձեռնությունը ավելի կսրի իրավիճակը:

«Դուք պետք է ձեր պարտականությունները կատարեք։ Խնդրում եմ, մի ընդունեք սա որպես վիրավորանք, բայց կա 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարություն եւ մեզ ձեռնտու չէ, որ  դուք մեզ ճանապարհեք։ Դուք պետք է ճանապարհը բացեք, ապահովեք անվտանգությունը, այնտեղ չպետք է լինի ոչ մի ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛ չ էլ քաղաքացիական անձ։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք մեզ»,– դիմելով ռուս խաղաղապահին՝ ասաց Տիգրան Պետրոսյանը։