Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, և արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց  գործունեությունը, ինչը լրացուցիչ  լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով: Պետնախարարը հանձնարարել է վերլուծել իրավիճակը և դրա հետևանքների հնարավոր մեղման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի,  բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը,  ներկայացվել են խնդիրները:  Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաև համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ներկայացվել  է  իրավիճակը  նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների  ոլորտներում: Այս համակարգերի անխափան աշխատանքն  ապահովելու նպատակով կարևորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը: