Կբացվի՞ արդյոք ճանապարհը, տեղի կունենա՞ արդյոք ինչ-որ բան կոնկրետ այս խնդրի ապաշրջափակման համար։ Ինձ թվում է, որ ավելի շուտ՝ այո։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Չեմ կարծում, որ ամեն ինչ կփակվի, եւ ադրբեջանցիները, ռուսները կհասցնեն նրան, որ Արցախի ողջ բնակչությունը մահանա սովից ու ցրտից»,- հավելեց նա։
Նրա կարծիքով՝ նման մտադրություններ չկան, Ադրբեջանի մտադրություններն են՝ ցույց տալ, թե ով է «տան տերը» եւ ռուսներից կտրել իրավասությունների հաջորդ կտորը։
«Ավելին, այդ մտադրությունները հիմնականում ուղղված են ռուսներին, ոչ թե ղարաբաղցիներին։ Ինձ չի թվում, որ դա շատ երկար կլինի, բանակցությունները շարունակվում են, եւ բավականին խիտ են ընթանում։ Բայց չի նշանակում, որ սա վերջին նման իրադարձությունն է»,- ընդգծեց Իսկանդարյանը։
Փորձագետը դա անվանեց ռազմավարություն, ըստ որի Ադրբեջանը կշարունակի փորձել տարբեր կերպ ազդել Արցախի, Հայաստանի եւ Ռուսաստանի վրա։
«Քանի դեռ իրավիճակը Արցախում, Հայաստանում եւ Ռուսաստանում չի փոխվել, Բաքուն կշարունակի դա անել, կշարունակվեն դիվանագիտական ճնշումներն ու ռազմական էսկալացիան»,- նշեց քաղաքագետը։











