Արցախում տեղի ունեցած հանրահավաքը Լեռնային Ղարաբաղի կամքի ցուցիչն է, որ չկատարվի այն, ինչ փորձում են հարկադրել ադրբեջանցիները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ դա հնարավոր չէ չտեսնել, թեեւ Ադրբեջանը կփորձի ձեւացնել, թե չի նկատում։

«Սա որոշ տեղաշարժ է, քայլ, իրադարձություն, որը, սակայն, կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից ճնշման նոր ձեւերի։ Թերեւս այն, ինչ կատարվում է հիմա, կապված է խաղաղության պայմանագրի պահանջների հետ այն ձեւակերպմամբ, որը պահանջում է Ադրբեջանը։ Եվ Բաքուն ուզում է պարտադրել, ոչ թե պայմանավորվել։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ, որ կարեւոր է, Արցախը դիմադրություն են ցուցաբերում»,- հավելեց Իսկանդարյանը։