Այո շատ ծանր իրավիճակ է, մեզ համար տխուր Նոր տարի է լինելու. աայո, մեր ժողովրդի մի մասը գտնվում է շրջափակման մեջ եւ սա կարող է երկար դեռ շարունակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Ինչպես մենք ասում էինք՝ Ադրբեջանն օգտվեց Ուկրաինայի պատերազմից եւ ցանկացած պահանջ առաջ բերեց, որ ուժի դիրքերից լուծի իր հարցերը: Իրենց նպատակն այն է, որ կամաց-կամաց տեղահանել Արցախի հայությանը, այն ենթարկեցնեն իրենց, հաջորդը լինելու է Զանգեզուրի միջանցքը»,-ասաց նա:
Խաչիկյանի խոսքով, մենք մ հարցերը պետք է ուղղենք ոչ միայն Ռուսաստանին, այլև բոլոր գերտերություններին, թե ինչու են հանդուրժում 120 հազար մարդկանց շրջափակումը. «Ինչպես են թույլ տալիս, որ Ադրբեջանը սա շարունակի: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում եղավ, գեղեցիկ ճառեր հնչեցին, մենք հիացանք, ոգեւորվեցինք եւ ինչպես միշտ, դա որեւէ հետեւանք չունեցավ:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, իրենց հիմնական ֆունկցիան այն է, որ թույլ չտան ռազմական նոր բախում հայերի ու ադրբեջանցիների միջեւ: Եթե ռուսներն այսօր դուրս գան, Արցախում հաջորդ օրը հայ չի մնա, քանի որ սեփական ուժերով շատ դժվար կլինի պայքարել Ադրբեջանի ու Թուրքիայի բանակների դեմ: Այսինքն ռուսներն առայժմ կատարում են իրենց առաջին խնդիրը՝ թույլ չտալ պատերազմի վերսկսում: Իհարկե, մենք կցանկանայինք, որ իրենք ավելի ակտիվ լինեին եւ բացեին այդ միջանցքը, բայց արդյոք դա պետք է անել մեղադրանքների ձեւով եւ մեր հարաբերությունները եւս մեկ անգամ փչացնելով: Հայ-ռուսական հարաբերություններում աննախադեպ անկում կա, մենք երբեք այսպիսի բառեր Մոսկվայից չենք լսել, որ մեր պաշտոնական ներկայացուցչին մեղադրենք սադրանքի մեջ: Ասել՝ քանի որ ռուսները չեն կարողանում ադրբեջանցիներին կանգնեցնել, մենք պետք է ռուսների հետ հարաբերությունները փչացնենք, ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում, մենք ի՞նչ ենք դրանից շահելու»,-ասաց քաղաքագետը:
Նա նկատեց, որ ռուսների համար էլ դժվար վիճակ է, որովհետեւ իրենք հիմա Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ պատերազմ սկսել չեն կարող. «Թուրքիան ու Ադրբեջանը փաստորեն իրենց դաշնակիցներն են դարձել այս պատերազմի պատճառով»:
Հարցին, թե ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը, Խաչիկյանը պատասխանեց. «Այնքան փչացնել հարաբերությունները, մինչեւ Ռուսաստանը գուցե մի օր որոշի՝ ինչո՞ւ պաշտպանեմ հայերին, եթե ինչ էլ անեմ, հայկական կողմը դժգոհ է եւ մեղադրում է: Ընդ որում, Արեւմուտքին չի մեղադրում, իսկ ռուսներին մեղադրում է: Շատ հետաքրքիր տրամաբանություն է: Ոչ մի ուրիշ երկիր այնտեղ ուժեր չունի, բայց մենք իրենց ոչինչ չենք ասում, իսկ Ռուսաստանը ուժեր ունի եւ որոշ չափով Ադրբեջանին զսպում է, մենք ռուսներից բողոքում ենք: Երեւի իրենց նպատակը ռուսական ուժերին վարկաբեկելն է, որ նրանք այնտեղից դուրս գան, արցախահայությունը ցեղասպանության ենթարկվի, Արցախի հարցը փակվի եւ Հայաստանը դառնա դեմոկրատական աշխարհի մի մաս: Բայց մենք տեսանք, որ Արեւմուտքին մենք չենք հետաքրքրում, Արեւմտյան աշխարհն ասաց, որ Ադրբեջանն է իր վստահելի գործընկերը: Այսինքն ռուսական ուժերի դուրս գալուց հետո նախ ընկնելու է Արցախը, հետո կորցնելու ենք Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը: Ինչու նրանք դա չեն հասկանում, ես չգիտեմ»:
Խաչիկյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե ՌԴ-ն չի կարողանում կատարել խաղաղապահի իր դերը, թող դիմի ՄԱԿ-ի ԱԽ լրացուցիչ բազմազգ խաղաղապահներ ուղարկելու համար:
«Իսկ ուրիշ երկրներ կա՞ն, որ ցանկանում են այնտեղ խաղաղապահներ ուղարկել: ԿԼամ եթե նրանք այնտեղ խաղաղապահներ ուղարկեն, նրանք պատրաստ են Ռուսաստանից ավելի շա՞տ անել, նրանք պատրաստ են Ադրբեջանի դեմ ռազմական ո՞ւժ գործածել: Եթե նման հայտարարություն լինի, թող գան, ինչու ոչ: Որեւէ երկիր չի ասել, որ Ղարաբաղ ռազմական ուժեր կուղարկի: Անգամ, եթե լինեն կլասիկ խաղաղապահ ուժեր, ասենք, Նորվեգիայից կամ Հոլանդիայից, նրանք Ադրբեջանի դեմ չեն պատերազմելու: Ոչ դրա իրավունքն ունեն, ոչ էլ հնարավորությունը»:
հարցին, թե ինչպե՞ս կարող ենք հանսել Լաչինի միջանցքի բացմանը, քաղաքագետը պատասխանեց. «Կանխատեսելի էր, որ Ադրբեջանը փորձելու է ցանկացած ձեւով Արցախը խեղել, ժողովրդին տեղահանել: Միայն քաղաքական, դիվանագիտական ճնշում Ռուսաստանի կողմից, Իրանի կողմից, եթե այդպիսինը կա նաեւ Արեւմուտքի կողմից: Եէթե վստահ են, որ Արեւմուտքից կարող են օգնություն բերել, թող բերեն: Ես այնտեղ որեւէ ռազմական ուժի օգտագործում չեմ տեսնում: Ռուսաստանը դրան չի գնա, չի ուզում, չի էլ կարող: Արդյոք դիվանագիտական ու քաղաքական ճնշումը կզսպի Ալեւին, դա մեծ հարց է: Մեզ համար կարեւոր է հասկանալ, որ եթե կարծում են, որ Արցախը հանձնելով լավ կապրենք, սխալվում են, հաջորդը լինելու է Սիսիանը, Գորիսը, Կապանը, Մեղրին: Նույն մեթոդներով նրանք այնտեղ են մտնելու»:











